Կրթության նախարարությունը կամավոր ատեստավորման ծրագրի նպատակը բարձր մասնագիտական որակներ ունեցող ուսուցիչներին խրախուսելն է համարում, մինչդեռ փորձագետները այս համակարգում խնդիրներ են տեսնում։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի պնդմամբ՝ հարցաշարարը չի կարող պարզել՝ ուսուցիչը լավն է, թե ոչ, հնարավոր է` մեկը 100 տոկոսով պատասխանի հարցերին, բայց մանկավարժին անհրաժեշտ որակներ չունենա:
«Հիմա օրինակ` մենք կարող է Հայաստանում ունենանք 60 տարեկան ուսուցիչ, որը լինի հիանալի ուսուցիչ, բայց տարիքով պայմանավորված` մի փոքր իր հիշողությունը վատ լինի, դանդաղ մտածի ու թեստն անհաջող հանձնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
30-ից 50 տոկոսով հավելավճար
Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները 30-ից 50 տոկոսով հավելավճար կստանան՝ ըստ ստուգման արդյունքում ստացած միավորների։ Գործընթացի առաջին փուլի արդյունքներով, սակայն, մասնակիցների ավելին քան կեսը անցողիկ շեմը չի հաղթահարել։ Ատեստավորումն անցած ու միջինը 125 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 37-62 հազար դրամի չափով:
Կառավարությունը մինչդեռ ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը ներդնելիս ավելի բարձր արդյունքներ էր կանխատեսում, ըստ այդմ առաջին տարում մասնակցած մանկավարժների շուրջ 77 տոկոսը աշխատավարձի հավելավճար պետք է ստանար։
Ամենացածր արդյունքը քիմիա դասավանդողներն են ցույց տվել, մասնակիցների 11 տոկոսն է հավելավճարի իրավունք ստացել, բարձր ցուցանիշ են գրանցել մաթեմատիկա առարկայից թեստ հանձնողները՝ շուրջ 90 տոկոս։
Ինչով է պայմանավորված ցածր մասնակցությունը
Կրթության նախարարությունը նաև փոքր-ինչ ավելի բարձր մասնակցություն էր ակնկալում, սակայն, կամավոր ատեստավորմանը մասնակցել են հանրապետության մոտ 38 հազար ուսուցիչներից միայն հազարը։ Նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ցածր մասնակցությունը մանկավարժների շրջանում առկա անորոշությամբ ու մտավախությամբ է պայմանավորում:
Նախատեսվում է, որ արդեն հաջորդ տարվանից անբավարար՝ մինչև 59 արդյունք գրանցած ուսուցիչները մեկ տարի անց արդեն պարտադրված կլինեն վերաատեստավորում անցնել, այն տապալելու դեպքում նրանց դասավանդելու իրավունքը կկասեցվի: Իրավունքից զրկված մանկավարժները, սակայն, հետագայում հնարավորություն կունենան կրկին ատեստավորում անցնել ու վերադառալ աշխատանքի։ Նախարարությունը հայտնում է՝ սա չի վերաբերում այս տարի կամավոր ատեստավորում անցածներին:
«Գործընթացը հիմնականում ունի երկու նպատակ` դա բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող ուսուցիչներին խրախուսելն է, իսկ այն ուսուցիչներին, ովքեր իրենց ուժերի վրա վստահ չեն, մոտիվացնելն է», - նշեց Արսեն Բաղդասարյանը:
Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցել են 7-ից 12-րդ դասարաններում մի շարք առարկաներ դասավանդողները։ Հաջորդ տարի կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդվող բոլոր առարկաների ուսուցիչները:
Նախարարությունը շուրջ 200 բողոքարկման դիմում է ստացել
Այժմ բողոքարկման գործընթացն է. նախարարությունը շուրջ 200 դիմում է ստացել, որոնք վերաբերում են և՛ հարցաշարերի բովանդակությանը, և՛ տեխնիկական հարցերին, օրինակ` թեստերի լրացման համար տրվող ժամանակին:
Հանրակրության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով` վերլուծության կարիք կա հասկանալու, թե ցածր ցուցանիշը դպրոցական ծրագրերի վրա հիմնված թեստերի չափազանց բարդ կառուցվածքով էր պայմանավորված, թե մասնագիտական գիտելիքների պակասով: Այժմ քննարկում են ուսուցիչների վերապատրաստման նոր չափորոշիչներ ներդնելու հնարավորությունը։
Որակյալ ուսուցիչներ ունենալու խնդիր լուծման բանալին մի տեղում չէ, բազմավեկտոր մոտեցում է պետք, ասում է Արսեն Բաղդասարյանը. «Սկսած մանկավարժական մասնագիտություն տրամադրող բուհերի, ովքեր են ընդունվում, ինչպիսի կրթություն և ինչպիսի շրջանավարտներ ենք ունենում, և արդեն ովքեր են գալիս դպրոց, և ինչ մեխանիզմներ կան նրանց մասնագիտական կարողությունները կատարելագործելու, ավելացնելու, ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու համար»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի պնդմամբ՝ խրախուսման այս համակարգն այժմ արդյունավետ չի կարող լինել, որովհետև բոլոր ուսուցիչների աշխատավարձերն անարդարացիորեն ցածր են: Պետք էր այն ինչ-որ մակարդակի բերել, մոտեցնել միջին աշխատավարձին հետո նոր միայն այսպիսի մեխանիզմ կիրառել, կարծում է նա. «Շեմն այնքան ցածր է, որ այդ ցածր շեմով ուսուցիչների մեջ մտցնել այսպիսի մրցակցային հարաբերությունները, կարող է նաև ունենալ շատ բացասական հետևանքներ, այսինքն` ուսուցիչների մի մասը կարող է ըմբոստանալ, վիրավորվել»: