Մատչելիության հղումներ

Կրեմլը խոստովանում է՝ չի կարող խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արխիվ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արխիվ

Կրեմլը խոստովանում է, որ չի կարող խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, միաժամանակ ընդգծում, որ ամեն ինչ կանի նման զարգացման դեպքում Ռուսաստանի համար վտանգները նվազագույնի հասցնելու համար։ Նախօրեին այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ քայլեր կարող է Կրեմլը ձեռնարկել։

«Մենք չենք կարող խանգարել, դա անհնար է։ Բայց մենք կարող ենք նվազագույնի հասցնել նման քայլերի հետևանքները մեր երկրի համար: Ուկրաինայի և Հյուսիսատլանտյան դաշինքի մերձեցման շարունակման դեպքում Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է», - հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միայն ժամանակի հարց է, և որ պաշտոնական Կիևն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերն այդ ուղղությամբ։

Մոսկվան մինչև վերջերս հայտարարում էր, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանի համար կարմիր գիծը՝ Ուկրաինայի անդամացկությունն է դաշինքին։ Այսօր, սակայն, կողմերի միջև հարաբերությունները հասել են պատմության մեջ ամենացածր մակարդակին՝ շաբաթներ առաջ ՆԱՏՕ-ն կիսով չափ կրճատեց Ռուսաստանի պատվիրակության կազմն ու արտաքսեց ութ ռուս դիվանագետների՝ լրտեսական գործունեության և դաշինքի դեմ թշնամական գործողությունների համար։

Ռուսաստանի նախագահի խոսնակը երեկ հրապարակավ պնդել է, թե Մոսկվան որպես հակառակորդ է ընդունում Հյուսիսատլանտյան դաշինքը, և կարող է ամբողջովին դադարեցնել հարաբերություններն այդ կառույցի հետ։

«ՆԱՏՕ-ի ագրեսիվ դիրքորոշումը մեզ համար երբեք գաղտնիք չի եղել: Ոչ մի խաղաղասեր հայտարարություն, ՆԱՏՕ-ի այդ ագրեսիվ ուղղվածության ոչ մի քողարկում չեն կարող թաքցնել այդ դաշինքի իրական նպատակները։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է հակառակորդ, հետևաբար ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե Մոսկվան պարզապես հրաժարվի ՆԱՏՕ -ի հետ հարաբերություններից», - ընդգծել է Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ՝ մեկ շաբաթ առաջ, Կրեմլի խոսնակը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում պնդել էր, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը կլինի սցենարներից վատագույնը, որը կհատի Ռուսաստանի համար անընդունելի՝ «կարմիր գծերը»:

Մինչ Ռուսաստանը կոշտացնում է դիրքորոշումը, Արևմուտքից արձագանքում են՝ որևէ մեկը չի կարող այս հարցում խոչընդոտներ ստեղծել։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը վերջերս Կիև կատարած այցի ժամանակ, խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունից, ասել էր, թե որևէ «երրորդ երկիր» իրավունք չունի վետո դնել այդ անդամակցության վրա:

Անցած շաբաթ էլ Գերմանիայի պաշտպանության նախարարն էր խոսել ռուսաստանից բխող վտանգների մասին։ «Դոյչլանդֆունք» ռադիոկայանի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն մտածում է Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում Ռուսաստանին, այդ թվում՝ միջուկային զենքով, զսպելու սցենարների մասին, Աննեգրետ Կրամպ- Կարրենբաուերն ասել էր՝ ՆԱՏՕ-ն պետք է պարզ հասկացնել տա Ռուսաստանին, որ պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի հարձակվել, օրինակ, Բալթյան երկրների կամ՝ դաշինքի սևծովյան գործընկերների վրա:

Ուկրաինայից բացի Դաշինքի սևծովյան գործընկերների ցանկում է նաև Վրաստանը, որի իշխանությունները նույնպես հայտարարում են՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն ժամանակի հարց է։ Թեև Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաիանայի և Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան տասը տարի, վերջնաժամկետներ, սակայն, դեռ չեն նշվում։

XS
SM
MD
LG