Տասը արևմտյան երկրների դեսպաններ կանչվել են թուրքական արտաքին գերատեսչություն արդեն 4 տարի անազատության մեջ գտնվող հասարակական, մշակութային գործիչ, իրավապաշտպան, թուրք գործարար Օսման Քավալայի մասին համատեղ հայտարարության առնչությամբ, որում նրանք կոչ էին արել արագ ավարտին հասցնել թուրք անվանի գործչի դատավարությունը և անհապաղ ազատ արձակել նրան։
Թուրքիայի արտգործնախարարություն կանչված 10 դեսպանների հետ հանդիպել է ԵՄ հարցերով փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչը: Արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն, օտարերկրյա դիվանագետներին հայտնել են Անկարայի դժգոհությունը դիվանագիտական էթիկային հակասող գործելակերպի համար, անկախ դատական գործընթացի վերաբերյալ արված հայտարարությունը որակելով «հանդուգն և անընդունելի»: Նշվել է, որ «փորձ է արվում քաղաքականացնել իրավական գործընթացները և ճնշում գործադրել թուրքական արդարադատության վրա»:
Նախօրեին Թուրքիայում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանությունները համատեղ հայտարարությամբ մտահոգություն էին հայտնել, որ Քավալայի դատավարության անընդհատ ձգձգումը ստվերում է թուրքական դատական համակարգում ժողովրդավարության, իրավական պետության և թափանցիկության սկզբունքները:
Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները համոզմունք են հայտնել, որ Թուրքիան պետք է արդարացի և արագ կերպով ավարտին հասցնի Քավալայի գործով դատավարությունը և կոչ էին արել ի կատար ածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։
«Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության գործադիր նախագահ, Թուրքիայի քաղաքացիական հասարակության կարկառուն ներկայացուցիչներից Օսման Քավալան տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։
Տարիներ առաջ նա այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Արդեն 4 տարի է՝ Քավալան բանտում է ՝ առանց դատավճռի: 64-ամյա անվանի գործիչը մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու, ինչպես նաև 2013-ին Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու համար։ Օսման Քավալան կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք համարելով շինծու: Երկու տարի առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հորդորել էր Անկարային անհապաղ ազատ արձակել Քավալային, նույն կոչը բազմիցս հնչեցրել են նաև Վաշինգտոնն ու Եվրամիության երկրները։
Թուրքիայում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարությանը կոշտ են արձագանքել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը իր թվիթերյան էջում գրել է. «Թուրքիան լիովին անկախ երկիր է և անկախ արդարադատությունը ունի: Դատական համակարգին խառնվել ցանկացողները թող իրենց երկրներում դա անեն»:
Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը և Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն էլ անընդունելի են համարել դեսպանությունների միջամտության փորձերը ընթացքի մեջ գտնվող դատական գործին՝ հայտարարելով, թե «ոչ մի դեսպան իրավունք չունի խորհուրդ ու առաջարկ անել թուրքական արդարադատությանը»:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը ևս օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել զբաղվել իրենց գործով և չփորձել ազդել երկրի դատական համակարգի վրա:
Պաշտոնական Անկարան դեսպաններին հիշեցրել է՝ «Սահմանադրության համաձայն, Թուրքիան հարգում է մարդու իրավունքները, ժողովրդավար և իրավական պետություն է և նման անպատասխանատու հայտարարությունները չեն կարող ազդել թուրքական դատական համակարգի վրա»: Հղում կատարելով ՄԻԵԴ-ի կողմից որոշ երկրների վերաբերյալ ընդունված և մինչ օրս չկատարված որոշումներին, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները ընդգծել են, որ Քավալայի գործը մշտապես օրակարգում պահելը վկայում է երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին: Արևմտյան երկրների դիվանագետներին կոչ է արվել «կատարել իրենց պարտավորությունները և դուրս չգալ դրանց սահմաններից՝ հավատարիմ մնալով Վիեննայի կոնվենցիային»:
Օսման Քավալայի գործով հերթական դատական լսումները տեղի կունենան նոյեմբերի 26-ին: