Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կոչ են արել Թուրքիային ազատ արձակել գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային, ով արդեն 1000-րդ օրն է անցկացնում բանտում՝ 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու և լրտեսելու մեղադրանքներով։
«Հորդորում ենք Թուրքիային հարգել իր հանձնառություններն ու արդարացի, թափանցիկ ու արագ հանգուցալուծում տալ գործին», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ փաստելով, որ Քավալան մինչ օրս ճաղերի ետևում է առանց դատարանի որոշման։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն էլ հայտարարել է․ - «Քավալայի գործը լակմուսյան թուղթ է, որը ցույց կտա, թե որքանով է Թուրքիան անկեղծ մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարություններում»։
Անկարան հակադարձել է՝ «որևէ երկիր կամ որևէ անձ չի կարող հրահանգներ տալ Թուրքիայի դատարաններին»։
63-ամյա Քավալան կտրականապես հերքում է մեղադրանքները․ նա տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։ Տարիներ առաջ նա այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։