Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում, Գորիսում և Մեղրիում պարտություն է կրել


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել վեց համայնքներից երեքում՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում։

Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, որ 3 խոշոր համայնքներում իշխանության թեկնածուների պարտությունը «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշի անկման մասին է խոսում։ Ասում է՝ ՏԻՄ ընտրությունները այլ տրամաբանության մեջ են և այստեղ ավելի շուտ խնդիրը թեկնածուներն էին։

«Մենք պետք է մի պահ գիտակցենք՝ որ թեկնածուն ինչ պատմություն ունի, ինչ մասնագետ է, ինչ կարգի անձնավորություն է։ Դրանից բխող շատ դեպքերում համայնքն ավելի լավ է ճանաչում, քան քաղաքական համակարգը», - ասաց Սուքիասյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն խնդիրը թեկնածուների մե՞ջ էր, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ թեկնածուների սխալ ընտրություն է եղել կամ այնպիսի ընտրություն է եղել, դրա արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք, որը ժողովրդավարական առումով շատ դրական եմ գնահատում», - նշեց Սուքիասյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը շեշտում է՝ իշխանական թեկնածուները չկարողացան հաղթել անգամ այն պարագայում, երբ իրենց մրցակիցները ոչ շահեկան մրցակցային պայմաններում էին։

Գորիսում նախնական տվյալներով հաղթել է գործող համայնքապետի՝ Առուշ Առուշանյանի առաջնորդած ուժը։ Առուշանյանն այժմ կալանքի տակ է ընտրական խախտումների մեղադրանքով և քարոզարշավին չի մասնակցել, իսկ Գյումրիում ամենաշատ ձայները ստացել է «Բալասանյան դաշինքը», որի ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը քարոզարշավի ողջ ընթացքում առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացված էր։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, հանրապետական Հայկ Մամիջանյանն ասում է՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ երբ իշխանությունները հակահերոս չունեն, ապա պարտություն են կրում։ ՀՀԿ -ն Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել է։

«Փորձը ցույց է տալիս՝ երբ որ իշխանական թիմին չի հաջողվում մատուցել այդ ատելության քարոզը՝ քվեարկեք, թե չէ այսինչը կվերադառնա, իրենք ծայրահեղ անօգուտ և անատամ քարոզարշավ են ունենում, որովհետև բովանդակային ասելիք չունեն։ Նույնը տեղի է ունենալու նաև հաջորդ երկու ՏԻՄ ընտրությունների բլոկի փունջի ժամանակ։ ՏԻՄ ընտրությունները, որքան էլ անօրինաբար խոշորացվեցին համայնքներ, օրինակ, Ապարան համայնքին գումարվել է մեկ 150 կա՛մ բնակիչ, կա՛մ ընտրող ունեցող գյուղ ինչ է թե այս տարի ընտրություն է, ինչ է թե մենք այնտեղ գրանցել ենք հաջողություն և համայնքի ղեկավարը սիրված է։ Նույնիսկ այս ամենից հետո իրենք ամեն տեղ չէ, որ կարողանում են հաջողության հասնել», - նշեց Մամիջանյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անընդունելի է համարում իշխանության այն հայտարարությունները, թե ընդդիմության հաղթանակը ժողովրդավարության մասին է խոսում։ Մատնանշում է Գյումրիում իշխանությունների բաժանած սոցիալական օգնություն ու Գորիսում ընտրության օրը ուժային կառույցների ներկայությունն ու պնդում, որ իրավապահները այստեղ անելիք ունեն։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ մի քանի ամիս առաջ՝ հունիսի խորհրդարանական ընտրություններին այս նույն համայնքներում հաղթանակ տարած իշխանությունը երեկ պարտվեց ընդդիմադիր պատգամավորը պատասխանում է՝ այս ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին որևէ մասնակցություն չի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամբողջ իշխանական քաղաքական ուժը հիմնված է միայն Փաշինյանի վարկանիշի վրա, եթե Փաշինյանն անձամբ չի մասնակցում, տեսանք, որ իրենք պարտություն կրեցին, մեկ, և երկրորդը, նաև Փաշինյանի անձնական ռեյտինգը նույնպես անկում է ապրել։ Այսինքն՝ մարդիկ կառավարության ծրագրում մի բան են գրում, իսկ նախընտրական խոստումները լրիվ այլ էին, հնարավոր է, որ ժողովրդի մի զգալի մաս նաև դրանից հիասթափված լինի. մարդկանց կյանքը չի բարելավվում, գումարած ամենակարևորը՝ անվտանգային նկատառումները», - ընդգծեց Խաչատրյանը։

«Դրանք մանիպուլյացիաներ են, քաղաքական արտահայտություններ են ոչ ազնիվ, ես ասացի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութունները այլ բնույթ են կրում, այլ մոտեցում ունեն», - ասաց Սուքիասյանը։

Երեկ համամասնական ընտրակագրով տեղական ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի վեց համայնքում։ Իշխող ուժը հաղթել է միայն երեքում՝ Տեղում, Տաթևում և Դիլիջանում։ Արագածոտնի, Արմավիր և Լոռու մարզերի երեք համայնքներում էլ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են եղել։

XS
SM
MD
LG