Մատչելիության հղումներ

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է հինգ ուժ, առավելագույն ձայներ ստացել է «Բալասանյան դաշինքը»


Ընտրություններ Գյումրիում, 17-ը հոկտեմբերի, 2021թ.
Ընտրություններ Գյումրիում, 17-ը հոկտեմբերի, 2021թ.

Կիրակի Գյումրիում անցկացված տեղական ընտրություններում անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։

Թե ով կլինի Գյումրիի հաջորդ քաղաքապետը և որ կուսակցությունից, այս պահին հստակ չէ։ Ենթադրվում է, որ քաղաքական ուժերը կսկսեն կոալիցիա կազմելու բանակցություններ, սակայն գոնե այս պահին նրանք չեն շտապում խոսել այդ մասին։

Առավելագույն քվեն՝ ձայների 36,59 տոկոսը ստացած «Բալասանյան դաշինքը» հետընտրական գործընթցաների վերաբերյալ մեկնաբանություններ չի անում, քանի որ քովիդով հիվանդ կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը 2 շաբաթ է՝ հիվանդանոցում է և նույնիսկ քվեարկությանը չի մասնակցել։ Այսօր կուսակցությունը, սակայն, հայտարարություն տարածեց, որում ակնարկ կա մյուս ուժերի հետ համագործակցության մասին, թե՝ որի կամ որոնց, չեն հստակեցնում։

«Մենք չենք պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, փոխարենը հակված ենք ստեղծել եզակի համագործակցության հարթակ՝ քաղաքի շահերին ծառայելու նպատակով։ Ընտրությունների մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում էլ կան գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են նպաստել քաղաքի զարգացմանը։ Բոլոր թիմերում էլ կան մարդիկ, ովքեր կարող են ծառայել քաղաքի զարգամցանը։ Մեր խնդիրն է՝ մեկտեղել բոլորի ուժերն ու կարողությունները», - ասված է հայտարարությունում։

Մոտ 30 տոկոս քվե ստացած իշխանական «Քաղաքացիական պայմանգիրը» ևս մեծամասնություն ստանալու համար պետք է կոալիցիա կազմի։ Քաղաքական այս ուժի նախընտրական շտաբը փակ էր, մեր հեռախոսազանգերն էլ անպատասխան մնացին։

Քաղաքական ուժերի համար կարող է կռվախնձոր դառնալ 10 տոկոսից ավելի քվե ստացած և երրորդ տեղը զբաղեցրած «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցությունը: Քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանն այս պահին հստակ չկարողացավ ասել քաղաքական որ ուժի հետ կոալիցիա կկազմի՝ հասկանալով, որ իրենց 10 տոկոս քվեն վճռորոշ է առավելագույն քվե ստացած քաղաքական 2 ուժերի համար:

«Երբ կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները, դրա համար ես նաև թիմային մարդ եմ, հետո կքննարկվի այդ հարցերը։ Պետք չէ շտապել, Ոչ թե ինչ-որ բանից եմ խուսափում, ուղղակի շտապողականության անհրաժեշտություն չկա», - ասաց Հակոբյանը։

«Ազատության» հարցին՝ առաջարկներ եղե՞լ են, Վարդևան Հակոբյանը պատասխանեց. «Ես ուղղակի ոչ մեկի ոչ մի հարցի հետ կապված էս պահին որևէ բան չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև անլուրջ կլինի, ոչ թե ինչ-որ բան եմ ավելի կամ պակաս ուզում ասել, ուղղակի մինչև չլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի կարելի ոչ մի որոշում կայացնել կամ քննարկել»։

Քաղաքային իշխանության մաս կկազմի նաև 3 տարի առաջ՝ հեղափոխությունից հետո իշխանությունից հեռացած Հանրապետական կուսակցությունը, որն այժմ ստացել է 5 տոկոսից քիչ ավելի ձայն: Ընդդիմադիր կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կոալիցիա կազմելու առաջարկներ չեն ստացել դեռ, բայց բացառեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիան:

5 տոկոսի շեմը հաղթահարած նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցության դիրքորոշումը պարզել չհաջողվեց, մեր զանգերին չպատասխանեցին։ Քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, ընդ որում, իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի տեղակալ Հովհաննես Պետրոսյանը օրենքով մանդատների բաշխման բանաձևը ներկայացրեց. «Կուսակցության կողմ տարած ձայները բազմապատկվում են ավագանու քանակին ամբողջական, բաժանվում են ամբողջ կուսակցությունների ցուցակներին կողմ քվեարկած ձայների վրա, ստացվում են թվեր, որոնք չեն կլորացվում, կվերցվի ամբողջական թիվը»։

Բացի ամբողջական թվերից մանդատի են վերածվելու նաև տասնորդական տոկոսները։ Սրա համար էլ բանաձև կա:

«Բաշխվում է շատ մնացորդային թվեր ունեցող կուսակցությունների վրա համամասնորեն», - ասաց Պետրոսյանը։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն այս կիրակի, այդ օրն էլ ընտրատարածքային հանձնաժողովը կհստակեցնի, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։

XS
SM
MD
LG