Մատչելիության հղումներ

Ընտրողներին տանել-բերելու պրոցես, ուղղորդումներ. դիտորդների ահազանգերը Սյունիքից


Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում տեղական ընտրություններին 7 քաղաքական ուժ է մասնակցում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է բոլոր համայնքներում:

Մոտ 20 հազար բնակչություն ունեցող Գորիսում մրցապայքարն ընթանում է ՔՊ-ի, Հայ ազգային կոնգրեսի ու համայնքի գործող ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանի դաշինքի միջև: Ընտրական խախտումների համար մեղադրվող 30-ամյա Առուշանյանն ընտրություններին մասնակցում է կալանավայրից:

Իշխանության քաղաքապետի թեկնածուն Վլադիմիր Աբունցն է: Նախկինում անկուսակցական է եղել, աշխատել է մաքսային ծառայությունում։ Վերջերս է դարձել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ:

Գորիսում ընտրապայքարին միացած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ցուցակը Կարեն Լազարյանն է գլխավորում։ Նա Գորիսի պետական քոլեջի տնօրենն է, ավագանու անդամ։

Սյունիքում առաջին անգամ են տեղական ընտրությունները համամասնական ցուցակով անցկացվում. քաղաքացիներն ընտրում են կուսակցություններին կամ դաշինքներին: Համայնքի ղեկավարին էլ արդեն ընտրված ավագանու անդամներն են ընտրում:

Սյունիքի ընտրություններին հետևում են նաև տեղական դիտորդական առաքելությունները: «Անկախ դիտորդն» այսօր հայտարարեց, որ խախտումներ է արձանագրել:

Տեղ համայնքի Տեղ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ընտրական օրենսդրության որոշակի խախտումներ են թույլ տվել` տեղամասում գտնվել է միաժամանակ 3 վստահված անձ, սակայն ամեն կուսակցություն կարող է մեկական վստահված անձ ունենալ, ներկայացրեց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը. «Ակնհայտ նկատվում է ընտրողներին տանել-բերելու պրոցես, այսինքն` ընտրողներին տանում-բերում են, միևնույն մեքենան գնում-գալիս է, ոչ թե ինչ-որ մեկը վերցնում է իր հարևան տատիկին և բերում հասցնում տեղամաս, որ իր հարևան տատիկի կյանքը հեշտացնի, այլ ակնհայտորեն ծառայություն է, ըստ էության, մատուցում ընտրողներին տանել-բերելու: Ընդ որում, դրանում ներգրավված են նաև առանց հաշվառման համարանիշերի մեքենաներ»:

Ըստ Իոաննիսյանի` Գորիսի տեղամասերում էլ դիտորդական առաքելությունն արձանագրել է ուղղորդման դեպքեր «Առուշ Առուշանյանի» վստահված անձանց կամ կողմնակիցների կողմից:

Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանել-չբաժանելուն, ասաց` որևէ համայնքի մասով փաստեր չունեն:

«Անկախ դիտորդի» տվյալներով՝ ամենահանգիստը և առանց խախտումների ընտրությունները Մեղրիում են անցել:

«Ազատությունը» այսօր եղավ համայնքի ընտրատեղամասերից մեկում: Ընտրությունն ընթանում էր բնականոն կարգով: Մեղրեցիներն այս ընտրություններից ոչ մեծ, բայց սպասումներ ունեն, որ իրենց համայնքում դրական փոփոխություններ կլինեն:

Ընտրատեղամասերը շուտով կփակվեն, ընտրության նախնական արդյունքները հայտնի կլինեն արդեն երկուշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG