Մատչելիության հղումներ

Ըստ նախագծերի` գործատուն իրավունք կունենա ազատել պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացնողներին


Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են անցկացնում
Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են անցկացնում

Պատասխանատվության կարող է ենթարկվել գործատուն

Վաղվանից ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարի որոշումն, ըստ որի՝ գործատուն պետք է աշխատողից կա՛մ պատվաստման հավաստագիր, կա՛մ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան պահանջի։ Եթե աշխատակիցը դրանցից և որևէ մեկը չի ներկայացնում, ապա պատասխանատվության կենթարկվի գործատուն։

Տուգանող մարմինն այս դեպքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է։ Առաջին անգամ խախտում արձանագրելու դեպքում գործատուին նախազգուշացում կտրվի, կամ կսահմանվի տուգանք՝ 100-300 հազար դրամի չափով։ 1 տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկազմի 150-500 հազար դրամի։

Առողջապահության նախարարի այս որոշումն, ըստ ՀՎԿԱԿ պաշտոնյա Ռոմելլա Աբովյանի, միջազգային փորձի հիման վրա է մշակվել. «Նման կարգավորում նաև Իտալիան է հոկտեմբերի 15-ից կիրառում: Եվ փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումները միանշանակ ունեն իրենց արդյունավետությունը»:

Նոր նախագծեր են մշակվում

Այս ամենին զուգահեռ Արդարադատության և Սոցապնախարարությունները հանրային քննարկման են ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին օրենքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր, որոնցով գործատուն իրավունք կստանա աշխատանքից ազատել այս երկու պահանջներից մեկը չկատարող աշխատակցին։

Սա վերաբերելու է նաև հանրային ծառայողներին։

«Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, և այդ պատճառով 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե դա տևում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա նույնպես գործատուն ստանում է այդ իրավունքը` պայմանագիրը լուծելու: Ինչ է նաև կորցնում այս պարագայում աշխատողը. այդ ժամանակահատվածը չի կուտակվելու ամենամյա արձակուրդ, և դա չի համարվելու ստաժ», - մանրամասնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը կամ պատվաստման հավաստագիրը ներկայացնելու պարտադիր պահանջից ազատվում են պատվաստման առաջին դեղաչափից հետո ալերգիկ ռեակցիա ունեցած քաղաքացիները, հղիներն ու մինչև 18 տարեկան երեխաները։ Այս ցանկին ևս մեկ կետ է ավելացել, քովիդից նոր առողջացած քաղաքացիները նույնպես ազատվում են այս պահանջից. «Նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք որպես բացառություն են, և իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու», - հայտնեց Հիվանդությունների վերասհկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնյա Ռոմելլա Աբովյանը:

Հանրային քննարկման դրված նախագծով՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև գործատուները, որոնք աշխատողներից չեն պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը կամ պատվաստման հավաստագիրը։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Տիգրան Դադունցից «Ազատությունը» հետաքրքրվեց՝ աշխատանքից ազատված աշխատողները կարո՞ղ են գործատուի որոշումը վիճարկել դատարանում ու վերականգնել աշխատանքի իրենց իրավունքը:

«Դատական պաշտպանության հնարավորությունն առկա է, ու եթե գործատուն օրենսդրությամբ խախտման աշխատակցին հեռացնի աշխատանքից, կախված է նրանից, թե օրենսդրությունն ինչպիսի կլինի: Հիմա քննարկում ենք այդ նախագծերը, և գործատուներն ինչպես ճիշտ կկիրառեն այդ օրենսդրությունը», - ասաց նա:

Գործատուները երկու քարի արանքում կհայտնվեն վաղվանից. Գագիկ Մակարյան

Հոկտեմբերի 7-ից e-draft կայքում քննարկման դրված այս նախագծերն ըստ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ հատուկ կարծիք ստանալու համար ուղարկվել են Աշխատանքի միջազգային կազմակերպություն, առաջիկայում քննարկումներ կկազմակերպվեն նաև հայաստանյան արհմիությունների կոնֆեդերացիայի, Գործատուների միության և շահագրգիռ տարբեր կողմերի հետ։

Մինչ այդ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է՝ գերատեսչությունները ոչ թե նոր պետք է այդ նախագծերը քննարկման ներկայացնեին, այլ դեռ մեկ ամիս առաջ պետք է օրենսդրական փոփոխություններն ավարտած լինեին։ Ըստ Մակարյանի՝ գործատուները երկու քարի արանքում կհայտնվեն վաղվանից` չիմանալով՝ առողջապահության նախարարի որոշմանը հետևեն, թե ուղղորդվեն Աշխատանքային օրենսգրքով, որտեղ դեռ ոչ մի փոփոխություն արված չէ:

«Կարիք կա Աշխատանքային օրենսգիրքը փոփոխել այդ առումով և ստեղծել լծակներ գործատուի համար, որովհետև գործատուն շարժվելու է Աշխատանքային օրենսգրքով, աշխատանքային պայմանագրով, որի մեջ նման կետեր չկան: Հրամանը տրված է հապճեպ: Հրամանից մի ամիս հետո նոր օրենսդրական փոփոխություն է լինելու, հետևաբար ստացվում է, որ մենք ունենք հոկտեմբերի մեկից գործող հրաման, բայց նոյեմբերի մեկին լավագույն դեպքում ունենում ենք նոր օրենսգրքի փոփոխություններ, որ պետք է անմիջապես կիրառվի», - ընդգծեց Մակարյանը:

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ, միայն այսօր նոր դեպքերի թիվն աճել է 1217-ով, ևս 28 մարդ մահացել է։ Հիվանդությունների վերասհկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնյա Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ վարակվածների ու մահացածների շարքում արդեն գերակշռում են միջին տարիքի քաղաքացիները։

«Հիվանդությունը երիտասարդացել է, և հիմնականում ավելի շատ թիրախավորված է 30-50 տարեկան ազգաբնակչությունը: Նաև ունենք դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք և այս պահին ստանում են բուժում», - ընդգծեց նա:

Հայաստանում 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում պատվաստման առաջին դեղաչափն ընդւնածների թիվը կազմում է 18 տոկոս, երկրորդը՝ դեռ 9 տոկոս։ Պատվաստումների առումով տարածաշրջանում Հայաստանն իր դիրքերը չի բարելավել, դեռ մնում է վերջին տեղում։

Եվրամիության չափանիշներով` կորոնավիրուսի տարածման առոմով Հայաստանը վտանգավոր կարմիր գոտուց մոտենում է վառվող կարմիր գոտուն։ Սա նշանակում է, որ Եվրամիության երկրները կարող են Հայաստանի քաղաքացիների մուտքի պահանջներն ավելի խստացնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG