Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը շարունակում է պնդել՝ Սերժ Սարգսյանը մեծ գումար է տանուլ տվել խաղատներում. նախկին նախագահը կդիմի դատարան


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում

Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շարունակում է հայտարարել` Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել խաղատներում։

«Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն: Կարող ես խաղալ, հետո վճարել», - ասում է նա:

Պնդում է՝ ասածը հիմնավոր է, սակայն ապացույցներ չի հրապարակում։ Պատգամավորն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նաև այլ մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանը 2008-2018 թվականներին ղեկավարած Սարգսյանի, նրա վարորդի և թիկնազորի պետ եղած Վաչագան Ղազարյանի հասցեին ապօրինի հարստություն կուտակելու համար։

Եթե Վաչագան Ղազարյանը հեղափոխությունից հետո մեղադրվել է ապօրինի հարստացման համար, ապա Սերժ Սարգսյանին նման մեղադրանք չի առաջադրվել, նախկին նախագահը մեղադրվում է բյուջեից մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար։

«Ես ամեն ինչը հիմնավոր եմ ասում, հիմնավոր ունեմ, իր տեսքը ձեզ բավական է, միայն եկած ժամանակ ու հետո մնացած իր ունեցվածքը: Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չի: Մի հատ էլ իրեն կհարցնեք` «Որոտանը» ո՞վ է ձեռք բերել, «Որոտանը» Հայաստանի լավագույն տնտեսական միավորներից է եղել», - հայտարարեց նա:

Սուքիասյանի խոսքով՝ ինքը դեռ ավելի քիչ գումար է նշել, որպեսզի ավելի ապացուցելի լինի իր ասածը: Պատգամավորը երեկ Ազգային ժողովի ամբիոնից էր մեղադրում Սարգսյանին. «Բոլորդ լավ գիտեք` երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում: Ո՞ւր ա էդ օրիորդը։ Երրորդ նախագահը եկել ա Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մի համար մեծ ա եղել, մյուսն էլ մի համար փոքր ա եղել՝ բոթասներով։ Էդ ո՞նց եղավ, էտ որտեղի՞ց»:

Իշխանական պատգամավորի՝ երրորդ նախագահի հասցեին հնչեցված մեղադրանքերի վերաբերյալ Սարգսյանի փաստաբանը հերքում պահանջող հայցի հարուցում է նախապատրաստում։ Սուքիասյանի պնդումն Ամրամ Մակինյանը որակում է որպես Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկություն։

Մակինյանն այսօր չցանկացավ մանրամասներ ներկայացնել հայցադիմումի վերաբերյալ ու մեկնաբանություն տալ Սուքիասյանի հայտարաության մասին։ Ասաց` երբ հայցադիմումը պատրաստ լինի, կներկայացնեն։

Սուքիասյանն այսօր նաև մեղադրաքներ հնչեցրեց երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հասցեին. «Փեսան կամ գլխավոր բժշկի տղան դառնում է տասնյակ հզոր կառույցների սեփականատեր: Ձեզ հարց եմ տալիս` էտ ի՞նչ, բա ինչո՞ւ չի տիեզերքում մի բան ձևավորում, բա ինչի՞ մի հատ այլ երկիր չի բերում, կպցնի Հայաստանին: Տենց շատ արագ մարդը կարա՞ կարևոր կառույցների սեփականատեր դառնա»:

Բազմաթիվ բիզնեսների սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանն այսօր նաև Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է անդրադարձել։ Աշոտյանը հեռավար հարց է ուղղել Սուքիասյանին՝ 90-ականներին ինչպե՞ս է հարստացել գործարարը, ո՞ւմ հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ։ Աշոտյանը լրագրողներին էլ հորդորել է Սուքիասյանին մի շարք հարցեր ուղղել։

«Իսկ Սերժ Սարգսյանի կենացները խմո՞ւմ էիր, ոչ միայն իր, լիքը մարդկանց ներկայությամբ, իսկ Նիկոլին փնովո՞ւմ էիր էտ ժամանակ, պարո՛ն Սուքիասյան, իսկ Ալեն Սիմոնյանին ծննդյանս օրով իմ պադեզդի մոտ նվերով ուղարկո՞ւմ էիր: Ուրիշ բան չմտածեք, վերնաշապիկ և փողկապ, երկուսն էլ, պարո՛ն Սուքիասյան, կներեք, դուրս չէր եկել, վերանվիրել եմ: Էտ բոլոր հարցերի պատասխանները կտա՞ք չէ լրագրողներին», - հարցնում է Աշոտյանը:

2018-ի հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացած Սարգսյանը դեռ ամիսներ առաջ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել էև իր մասին շրջանառվող լուրերին։ Երրորդ նախագահն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքերին։ Դրանք կեղծ էր որակել ու պնդել, թե ընկերները, հարյուրավոր մարդիկ են վկա՝ ինքը ոչ միայն խաղատներից, այլև այդ փողոցներից է խուսափել, շրջանցել է միշտ. «Հիմար-հիմար խոսում էին մեկ Բադենի մասին` չհասկանալով հանդերձ, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել, և այնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն, իսկ ինչ վերաբերում է Մոնակոյին, ես 15 տարի, վերջին 15 տարին չեմ եղել Մոնակոյում ընդհանրապես, իսկ դա ամենահեշտ ճշտելն է», - հայտարարել էր երրորդ նախագահը:

Սուքիասյանն այսօր Սարգսյանի հայտարարությունները մանիպուլյացիա որակեց. «Բադենը փոքր քաղաք է, դրանից մի քիչ կողք իրոք կա կազինո, նա ուրիշ բան է ուզեցել ձեզ ասի, էլի նույն լեզվական մանիպուլյատիվ ինչ-որ զրույց է անում»:

Սերժ Սարգսյանը դեռևս 2013 թվականի ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նշել էր, թե ունի 96 քմ մակերեսով շենք և շինություն Ստեփանակերտում, 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա, «թանկարժեք գույք» բաժնում հայտարարագրել էր մշակութային արժեքների մեծ հավաքածու՝ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Քոչարի, Կոջոյանի և Աբեղյանի կտավների սեփականություն, ժամանակակից նկարիչների 32 կտավներ, 18-20-րդ դարերի հնաոճ արձանիկներ, քանդակներ:

Նույն այդ ունեցվածքը նշված է նաև նրա պաշտոնը թողնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում՝ առանց մանրամասների։ Ըստ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրի՝ 2018-ին Սարգսյանը 25 միլիոն 200 հազար դրամ է ունեցել, երրորդ նախագահի եկամուտները, հենց նույն այդ փաստաթղթի համաձայն, ձևավորվել են աշխատավարձից ու բանկային փոխառություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG