Մատչելիության հղումներ

Հայաստանի հարևաններ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը օրեցօր աճում է


Ադրբեջանցի զինծառայողը Իրանի սահմանին գտնվող Խոդաֆերինի կամրջի մոտ
Ադրբեջանցի զինծառայողը Իրանի սահմանին գտնվող Խոդաֆերինի կամրջի մոտ

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր Բաքվում փակել է Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը: Լուրը հաստատել է նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը՝ պարզաբանելով, թե այս որոշումը պայմանավորված է համաճարակային իրավիճակի վատթարացմամբ:

Մյուս կողմից Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար: Ադրբեջանական մամուլը, հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանը ադրբեջանական կողմին արգելել է օդային ճանապարհով զինամթերքի մատակարարումը դեպի Նախիջևան:

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն և Թեհրանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարում են, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ:

Ի պատասխան, Իլհամ Ալիևը նախօրեին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցի ժամանակ զգուշացրել է Իրանին՝ չխառնվել իրենց ներքին գործերին. - «Ադրբեջանը անկախ արտաքին քաղաքականություն է վարում, մենք ենք որոշում, թե որ երկրի հետ ինչ մակարդակի հարաբերություններ ունենանք: Մենք պահանջում ենք հարգել մեր ինքնիշխանությունը և չմիջամտել մեր ներքին գործերին: Մեզ ուղղված մեղադրանքները պետք է ապացուցվեն հստակ փաստերով: Թող գան և այստեղ օտարերկրացիներ գտնեն»:

Ալիևը խոստացել է անպատասխան չթողնել Իրանից հնչող մեղադրանքերը:

Միմյանց ուղղված սպառնալիքներին զուգահեռ կողմերը նաև զինուժի ցուցադրություն են սկսել: Արդեն մի քանի օր է Ադրբեջանի հետ սահմանին Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, այսօր էլ Նախիջևանում համատեղ վարժանքներ են սկսել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը:

Թուրքիան ևս ուշադրությամբ հետևում է Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում շարունակվող զորավարժություններին: Թուրքական մամուլում գրում են, թե Իրանը խիստ մտահոգված է Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում Թուրքիայի դերի մեծացմամբ և ամեն կերպ փորձում է կանխել տարածաշրջանային միջանցքների բացման ծրագիրը՝ Ադրբեջանի ուղիղ կապը Նախիջևանի հետ:

Independent-ի թուրքական ծառայությունը գրում է, թե Իրանը մտավախություն ունի կորցնել տնտեսական և ռազմավարական կարևորությունը այս տարածաշրջանում, եթե բացվի Զանգեզուրի միջանցը և կարգավորվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ։

Բացի այդ, Իրանը նաև էթնիկական խնդիր ունի ի դեմս իր թյուրքալեզու բնակչության: Իրանցի քաղաքագետ Էհմեդ Հաշեմին «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում պատահական չի համարել, որ Իրանը զորավարժություններ է անցկացնում այն տարածքում, որտեղով անցնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը. - «Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը ասել է, որ Զանգեզուրի կարգավիճակի փոփոխությունն ու ճանապարհների բացումը իրենց համար կարմիր գիծ են հանդիսանում: Եթե գործարկվի այդ միջանցքը, թյուրքական աշխարհի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապը ավելի կսերտանա, հարաբերությունները կընդլայնվեն: Իրանի ամենամեծ վախն ու մղձավանջը Հարավային Ադրեջանն է, որտեղ գնալով աճում են ազգայնական տրամադրությունները: Եթե բացվի Զանգեզուրի միջանցքը, իրենց խոսքով՝ Թուրքիայի ոտքը դեպքի Կովկաս և Հյուսիսային Ադրբեջան, գնալով կակտիվանան անջատողական շարժումները Հարավային Ադրբեջանում: Այդ սահմանային հատվածում զորքերի տեղակայումը բարոյական աջակցություն է Հայաստանին»:

Հաշեմիի կարծիքով, Իրանին անհանգստացնում է Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը:

XS
SM
MD
LG