«Արդյունավետ և կառուցողական»․ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը այսպես է բնութագրել իր հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ այսօր Թեհրանում կայացած բանակցությունները։
Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ` Աբդոլահիանը բանակցությունների ընթացքում կոչ է արել արագացնել երկու երկրները կապող տարանցիկ ուղիների վերականգնումը։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ` նախարարը նաև նշել է, որ Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ռազմավարական բնույթի մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել և այժմ զբաղված են երկկողմ համագործակցության նոր ճանապարհային քարտեզի մշակմամբ։
«Քաղաքականից բացի, մենք պայմանավորվել ենք երկկողմ հարաբերությունները զարգացնել նաև տնտեսության, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը՝ հատուկ ընդգծելով, - «Իրանը թույլ չի տա երրորդ պետություններին ազդել հարևանների, այդ թվում` Հայաստանի հետ իր հարաբերությունների վրա»։