Մատչելիության հղումներ

Այսօր Նախիջևանում մեկնարկում են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները


Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանում, օգոստոս, 2020թ․
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանում, օգոստոս, 2020թ․

Այսօր Նախիջևանում մեկնարկում են հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ «Անխախտ եղբայրություն - 2021» կոչվող եռօրյա զորախաղերի հերթական փուլը Անկարայի և Բաքվի կողմից անցկացված հինգերորդ նման զորավարժությունները կլինեն վերջին մեկ ամսում։ «Զորավարժությունների նպատակը թուրքական և ադրբեջանական բանակային ստորաբաժանումների միջև կապերի հետագա խորացումն է», - Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Փինար Կարան։

«Թուրքիայի զինված ուժերի և Ադրբեջանի բանակի կողմից հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում անցկացվող զորավարժությունների այս փուլի նպատակը երկու կառույցների միջև բարեկամության, համագործակցության և գործողությունների համադրման հետագա զարգացումն է։ Մենք հետագայում ևս կաջակցենք մեր ադրբեջանցի եղբայրներին մեր բոլոր կարողություններով հանդերձ, ինչպես արել ենք նախկինում։ Մենք միասին թե՛ ուրախության և թե՛ տխրության պահին շարունակելու ենք հավատարիմ մնալ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին», - հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Կարայի խոսքից նաև պարզ է դառնում, որ այսօր մեկնարկող զորավարժությունների ևս մեկ նպատակը թուրքական և ադրբեջանական բանակներում գործող չափորոշիչների հետագա համահարթեցումն է, ըստ ամենայնի՝ թուրքական բանակում գործող նորմերի հիման վրա։ «Թուրքիան և Ադրբեջանը համատեղ գործունեությունը, զորավարժությունների պլանավորումն ու կառավարումը միասնական տեսքի բերելու նպատակով նախաձեռնել են «Եղբայրական բրիգադ» կոչվող ծրագիրը։ Այժմ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի հետ շարունակվում են համապատասխան պարապմունքները», - հայտարարում էր թուրքական ռազմական գերատեսչության խոսնակը։

Ոչ Անկարան և ոչ էլ Բաքուն առայժմ չեն հստակեցնում համատեղ զորավարժությունների մասնակիցների թվաքանակի կամ ներգրավված սպառազինության մասին տեղեկատվությունը։ Երկու երկրների ռազմական գերատեսչությունները միայն նշում են, որ զորավարժությունները մարտավարական բնույթ են կրելու։

Հարկ է սակայն նկատել, որ թուրք-ադրբեջանական զորախաղերը Նախիջևանում մեկնարկում են մի իրավիճակում, երբ ընդամենը հաշվված կիլոմետրեր այն կողմ՝ Արաքսի հակառակ ափին, շարունակվում են Իրանի զինված ուժերի «Խայբարի ազատագրողները» կոչվող լայնածավալ զորավարժությունները։ Տասնյակ միավոր ծանր զրահատեխնիկայի, մարտական ուղղաթիռների և էլիտար դեսանտային ստորաբաժանումների ներգրավմամբ ընթացող զորավարժությունները ծավալվել են Ադրբեջանի և Իրանի միջև աննախադեպ դիվանագիտական լարվածության ֆոնին։

XS
SM
MD
LG