Մատչելիության հղումներ

Չորս թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ վերջին մեկ շաբաթում


«Երեք եղբայր-2021», այսպես են կոչվում կիրակի օրը Բաքվում մեկնարկած եռակողմ ադրբեջանա-թուրք-պակիստանյան զորավարժությունները։ Դրանց մասնակցում են երեք երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` զորախաղերի գլխավոր նպատակը «բարեկամ և գործընկեր պետությունները ներկայացնող ստորաբաժանումների գործակցության կատարելագործումն է պատերազմական և խաղաղ պայմաններում, ինչպես նաև փորձի և գիտելիքների փոխանակումը»։

Բացի այդ, զորավարժությունների կազմակերպիչները պնդում են, որ դրանց հիմնական նպատակներից մեկն «ահաբեկչության դեմ պայքարի նոր ուղիների որոնումն է»։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ` եռակողմ զորավարժությունների մեկնարկն ազդարարել է 44-օրյա պատերազմին մասնակցած գեներալներից մեկը՝ Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար Հիքմեթ Միրզոևը։

«Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը դարեր ի վեր բարեկամական և եղբայրական կապեր ունեցող պետություններ են եղել։ Մեր հարաբերությունների հիմքում մեր ժողովուրդների սերտ համագործակցությունն է։ Դրա վառ դրսևորումը դարձան այն աջակցությունն ու համերաշխությունը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերեցին Թուրքիան և Պակիստանը», - հայտարարել է գեներալ Միրզոևը՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը որակելով որպես «հակահարձակում»։

Սրանք, ի դեպ, վերջին օրերին անցկացվող առնվազն չորրորդ զորավարժություններն են, որոնց մասնակցում են թուրքական և ադրբեջանական բանակի ստորաբաժանումները։

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Լաչինում մեկնարկեցին երկկողմ թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժությունները, որոնց կրկին, ինչպես և երեկ Բաքվում մեկնարկած եռակողմ զորախաղերի պարագայում, մասնակցում էին հատուկ ջոկատայինները։

Լաչինում ընթացող զորավարժությունների գլխավոր նպատակը, ըստ երկու երկրների զինվորականների, «աշխարհագրական բարդ պայմաններում թուրք և ադրբեջանցի զինծառայողների՝ ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու հմտությունների ավելացումն էր»։

Սրան էլ զուգահեռ, կիրակի օրը Կասպից ծովի ավազանում ավարտին մոտեցան թուրքական և ադրբեջանական բանակների ծովային հետևակի ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները։

Այս ամենին գումարած թուրքական Կոնյա քաղաքի մերձակայքում շարունակվում են երկու երկրների ռազմաօդային ուժերի TurAz Kartali 2021 զորավարժությունները, որոնք կավարտվեն սեպտեմբերի 17-ին։

Միմյանց հաջորդող և անգամ զուգահեռաբար ընթացող այս զորախաղերի ֆոնին թերևս օրինաչափ է, որ երկու ամիս առաջ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված Քերիմ Վելիևն իր առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Թուրքիա։ Ադրբեջանցի գեներալը Անկարա է ժամանել այսօր։ Այստեղ նա բանակցություններ է անցկացրել իր թուրք պաշտոնակից Յաշար Գյուլերի հետ։

Սեղմ ժամկետներում՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, տեղի ունեցող այս իրադարձություններն առավել ուշագրավ են դառնում, եթե հաշվի ենք առնում վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մամուլում ի հայտ եկած տեղեկությունները, որոնց համաձայն` Անկարան Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում։ Դեռ օգոստոսի վերջին թուրքական իշխանություններին մոտ կանգնած Yeni Safak օրաթերթը տեղեկացրել էր, որ երկրի զինված ուժերի կազմում Ադրբեջանում գործող հատուկ հրամանատարական խումբ է ստեղծվել։ Ուշագրավ է հատկապես նորաստեղծ այդ կառույցի ղեկավարի գեներալ Բահտիյար Էրսայի ինքնությունը։ Դեռ անցած տարվա աշնանը` ռազմական գործողությունների ավարտից հաշված ժամեր անց, մի շարք ռուսական լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որի համաձայն` Էրսայը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում գտնվել է Բաքվում։

«Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-մայոր Բահտիյար Էրսայի ղեկավարած խումբը անմիջականորեն մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի դեմ ընթացող ռազմական գործողությունների կազմակերպմանը», - 2020 թվականի նոյեմբերի 12-ին մոսկովյան «Վզգլյադ» պարբերականին է փոխանցել բարձրաստիճան ադրբեջանցի զինվորականներից մեկը։

Էրսայը Թուրքիայում հայտնի է որպես երկրի արևելքում գործող քրդական ջոկատների դեմ պայքարում լուրջ հաջողությունների հասած հրամանատար։ Թուրքական Hurriyet-ի տեղեկություններով, ի դեպ, 2010 թվականին այն ժամանակ դեռ գնդապետի կոչում ունեցող Էրսայը ձերբակալվել էր՝ Ռեջեպ Թայիփ էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով։ Ու թեև թուրքական դատարանը նրան դատապարտել էր 16 տարվա ազատազրկման, սակայն Էրսայը կարճ ժամանակ անց ոչ միայն ազատ էր արձակվել բանտից, այլև գեներալի կոչում էր ստացել։

Թուրքական որոշ աղբյուրներ պնդում են, որ Էրսայը գործարքի էր գնացել քննչական մարմինների հետ՝ համաձայնելով ցուցմունքներ տալ հեղաշրջման գործող անցնող իր ծառայակիցների դեմ։

XS
SM
MD
LG