Մատչելիության հղումներ

Կարևոր է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը․ Փաշինյանը՝ լիտվացի իր գործընկերոջը


Կարևոր է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես շեշտելով ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովումը:

Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Ըստ կառվարության պաշտոնական կայքէջի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում:

Լիտվան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին

Ինգրիդա Շիմոնիտեն ողջունել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված վերջին տարիների քայլերը և նշել, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության շրջանակում իր երկրի կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:

Կարևորելով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Լիտվայի հետ սերտ գործակցությունը՝ Հայաստանի գործադիրի ղեկավարը հավելել է՝ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը:

Լիտվան աջակցություն է հայտնում հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահի հետ։

Գիտանաս Նաուսեդային իր երկրի աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ջանքերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:

Եվրամիությունը, հիշեցնենք, առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն այլ աղբյուրներով ավելացրեց 1 միլիարդով՝ ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո։ Ներդրումային փաթեթի ծավալով Հայաստանը առաջ է անցնում Ուկրաինայից, Մոլդովայից։ Ամենաքիչ աջակցությունն Ադրբեջանինն է՝ 140 մլն եվրո։ Ֆինանսական օժանդակության նպատակը համատեղ մշակված ներդրումային և տնտեսական նախագծերի իրականացումն է:

«Գագաթնաժողովին ընդառաջ Լիտվան կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ»

Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է նաև Լիտվայի խորհրդարանի ղեկավարի հետ։

Լիտվան պատրաստ է սերտորեն համագործակցել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, ասել է Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենը՝ նշելով, որ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ:

Փաշինյանն երեկ է ժամանել Վիլնյուս, նախ հանդիպել Լիտվայի հայ համայնքի հետ։
XS
SM
MD
LG