Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը քաղաքական հետապնդՄան դրսևորումներ չեն, այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի դատական անկախության վերաբերյալ քննադատությանը։
«Սա վարչարարության հարց է, սա քաղաքական հետապնդման կամ քաղաքական դիրքորոշման հարց չէ։ Վարչարարությունը մենք հիմա ավելի արդյունավետ ենք դարձնում, նոր ուժեր ենք ներգրավում, ընդ որում՝ չեզոք, քաղաքացիական ծառայողների, ոչ թե քաղաքական գործիչների», - ասաց Անդրեասյանը։
Եվրոպայի խորհրդի հակակոռուցպիոն մարմինը՝ GRECO-ն Հայաստանին ներկայացված իր առաջարկությունների կատարման մակարդակի վերաբերյալ օրերս հրապարակած զեկույցում նշել է՝ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում արդարադատության նախարարի դերակատարումը դատական անկախության հետ համատեղելի չէ։
Կարեն Անդրեասյանը, մինչդեռ, օրերս հայտարարել էր՝ ինքն ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու ու ավելի ուշադիր է լինելու դատավորների թույլ տված խախտումների նկատմամբ։ Արդարադատության նախարարի խոսքով՝ իրենք հարգում են GRECO-ի առաջարկությունները, սակայն չեն կարող թողնել, որ դատավորները կոպտորեն օրենք խախտեն։
«Օրենսդրությունը թույլ է տալիս կարգապահական վարույթներ հարուցել, այդ օրենսդրությունը հիմա փոխվել է նաև մեր քաղաքական թիմի ջանքերով և նախագահը չի ստորագրել ու այդ օրենքը գնացել է Սահմանադրական դատարան, որտեղ կարգապահական վարույթները, բողոքները, քաղաքացները կարող են ուղղել միանգամից Բարձրագույն դատական խորհրդին։ Մեր գործընկերներին էլ ես հնարավորության դեպքում կբացատրեմ, որ նախարարությունը չի որոշում՝ որ դատավորը ենթարկվի պատասխանատվության, որը ոչ, մենք ընդամենը որպես կողմ միջնորդություն ենք ներկայացնում և որոշումը կայացնում է այնպիսի հարգարժան կառույց, ինչպիսին Բարձրագույն դատական խորհուրդն է», - ընդգծեց Անդրեասյանը։
Երկու ամիս առաջ նախարար նշանակված Անդրեասյանը հաճախ է խոսում դատական համակարգը զտելու, վեթինգի մասին։ Նշանակման առաջին օրերին նախարարը հայտարարեց՝ վեթինգը սկսվել է. արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը, որն այժմ գործադիրում այլ պաշտոն է զբաղեցնում, մինչդեռ, ասում էր՝ Սահմանադրությունը համատարած վեթինգ իրականացնել թույլ չի տալիս։
«Ազատության» հարցին՝ ի՞նչ մեխանիզմով են վեթինգ իրականացնելու, երբ նախկին նախարարը գործող օրենքներով այն հնարավոր չի համարել, Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ երկու ճանապարհ է տեսնում, մեկը առկա գործիքակազմն է՝ վերը նշված կարգապահական պատասխանատվությունը։
«Ես հիմա աշխատում եմ օրենքի տառին համապատասխան որ, այո, կարգապահական պատասխանատվություններով համակարգից զտվեն օրենքները ոտնահարած, տրորած դատավորները։ Մյուս խնդիրը հենց վեթինգի օրենք կամ վեթինգի նոր մշակված մեխանիզմ մտցնելն է, որի հետ կապված ճիշտ է ասել մեր նախորդ նախարարը՝ պարոն Բադասյանը, որ կան Սահմանադրության հետ կապված որոշակի մտահոգություններ», - ասաց Անդրեասյանը։
Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ գործող կարգավորումներով դատական համակարգը մաքրելու գործընթացն արդյունավետ չէ
Քաղհասարակության ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում են՝ գործող կարգավորումներով դատական համակարգը մաքրելու գործընթացն արդյունավետ չէ։
«Սա արդյունավետ չէր, և սա մենք կանխատեսում էինք, որ արդյունավետ չի լինելու, որովհետև այն ծավալները խախտումների, որը մենք ունեցել ենք և այն բարեփոխումների ծավալի անհրաժեշտությունը, որը մենք ունեինք ենթադրում էր, որ գործող օրենքի տառին համապատասխան ուղղակի հնարավոր չէր լինելու իրականացնել», - ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Իրավապաշտպանն ասում է՝ իրենք այլընտրանքային տարբերակ էին առաջարկում՝ անցումային արդարադատության գործիքակազմի մշակում. «Ցավոք սրտի, այս իշխանությունները չօգտագործեցին այն բացառիկ շանսը, որը տվել էր հեղափոխությունը, որովհետև ամեն պահի չէ, որ դու կարող ես արդյունավետ գործիքակազմ օգտագործել»։
Վեթինգ իրականացնելու մասին Հայաստանի իշխանությունները հայտարարել են ավելի քան 2 տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։
Միջազգային իրավական փորձում վեթինգը ենթադրում է անձի կենսագրության ուսումնասիրություն։ Անցումային արդարադատության շրջանում վեթինգի միջոցով ստուգվում են դատավորների ու այլ պաշտոնյաների գործունեությունը, նման ամենաթարմ օրինակներից է Ալբանիան, որտեղ շատ դատավորներ վեթինգի կիրառման արդյունքում ազատվեցին աշխատանքից։