Մատչելիության հղումներ

«Իմ քայլ»-ի պատգամավորները դատավորների թոշակի անցնելը կանոնակարգող նախագիծ են հեղինակել


Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են բարձրացնել դատավորների կենսաթոշակը:

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հեղինակել են «Իմ քայլից» Աննա Կարապետյանը և Արթուր Դավթյանը: Վերջինս «Ազատությանը» փոխանցեց՝ դատավորների թոշակի անցնելու գործընթացում օրենսդրական բաց կա, որ առաջացել է, երբ 2019 թվականի հունիսի 18-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել դատավորների կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմին վերաբերող հոդվածը:

«Հիմա ես բերել եմ նախագիծ, որով որ էդ Սահմանադրական դատարանի կողմից հայտնաբերված բացը լրացվում է», - նշեց Դավթյանը:

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել 2018 թվականի կառավարության առաջարկությամբ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխությունները, համաձայն որոնց, պետական պաշտոնյաների կենսաթոշակի վերին շեմն էր սահմանվել 160-250 հազար դրամը: Փոփոխության արդյունքում նվազել էր դատավորների թոշակը: Մինչ այդ փոփոխությունը նրանց կենսաթոշակն իրենց աշխատավարձի 75 տոկոսն էր կազմում՝ հասնելով նվազագույնը 350-400 հազար դրամի: Մինչդեռ նոր հաշվարկն արվում էր 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացված աշխատավարձի 55 տոկոսի չափով:

Հակասահմանադրական ճանաչված այս դրույթն ուժը կորցրել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ից: Օրենքը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու համար պատգամավորները շրջանառության մեջ դրած նախագծով առաջարկում են՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից: Դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնում՝ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), սա կարևոր և նույնիսկ ուշացած նախագիծ են համարում:

«Այդ չափն ընդունելի է մեզ համար միանշանակ, մի շարք եվրոպական մարմինների խորհրդատվական փաստաթղթերում և դիրքորոշումներում արտահայտված է կարմիր թելով այսպիսի միտք, որ դատավորի կենսաթոշակը պետք է մաքսիմալ հավասարեցված լինի նրա աշխատավարձին: Դա համարվում է սոցիալական երաշխիք, նրա անկախության, անաչառության երաշխիք», - ասաց ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը:

Այս ութ ամիսների ընթացքում թոշակի է անցել 8 դատավոր, որոնց կենսաթոշակները հաշվարկվել են սովորական ընթացակարգերով, ինչը մի քանի անգամ պակաս է։ Նախագծի համահեղինակ Արթուր Դավթյանն ասում է՝ ընդունվելու դեպքում օրենքը կտարածվի նաև նրանց վրա:

Փոփոխությունների արդյունքում դատավորների թոշակի հստակ թիվ ասել հնարավոր չէ, դա կախված է մի քանի գործոններից, օրինակ, թե որ ատյանի դատարանում է դատավորը աշխատում կամ ինչ աշխատանքային փորձառություն ունի: Ներկայումս դատավորների աշխատավարձը տատանվում է 400 հազարից մինչև միլիոն, միլոն ու կես դրամի սահմաններում:

ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը կարևորում է, որ կենսաթոշակի հաշվարկման կարգն ամբողջությամբ սահմանվի օրենքով և չմնա կառավարության հայեցողությանը: Այս շեշտադրումը կա նաև ՍԴ որոշման մեջ:

«Նաև երաշխիք է, որ կառավարության քաղաքականությամբ պայմանավորված չլինի, այդ հաշվարկման կարգն, այլ դա լինի սահմանված հստակ օրենքով», - ասաց ԲԴԽ անդամը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահ է՝ դատավորների արժանապատիվ կենսաթոշակը իրավական պետություն ունենալու կարևոր քայլերից մեկն է: Բայց շատ ավելի կարևոր հարց է, թե ում է տրվում այդ արժանապատիվ կենսաթոշակը: Իրավապաշտպանն ասում է՝ ինքն այլ հերթականություն կնախընտրեր:

«Եթե մենք դատաիրավական համակարգում մեր ասած արմատական վեթինգ ասածը որպես նախապայման, այնուհետև նոր բարեվարքության կիրառում փուլը չենք իրականացնում, ապա դատական համակարգում մենք ունենում ենք մարդիկ, որոնք տարիներ շարունակ պատասխանատու են եղել մարդու իրավունքների խախտումների համար: Հիմա նրանց էլ է վերաբերվելու այդ թոշակի բարձրացումը, այստեղ է ամբողջ խնդիրը՝ սոցիալական արդարության տեսակետից», - նշեց Սաքունցը:

XS
SM
MD
LG