Մատչելիության հղումներ

Դեսպանը վերահաստատում է ԱՄՆ դիրքորոշումը` Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն Մինսկի խմբի օրակարգում է


Վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարում՝ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չի համարում` շեշտելով` այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է։ Դեսպանից լրագրողներն այսօր հետաքրքրվում էին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ։

«Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիս - Կապան ճանապարհին... այդ առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության։ Ուզում եմ ընդգծել ու արդեն մի քանի անգամ ասել եմ` մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է», - ասաց դեսպանը։

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համապարփակ լուծման անհրաժեշտություն է տեսնում, նշում է դեսպանը։ Լին Թրեյսին ասում է, որ պետք է ընթանան բանակցություններ. «Դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»։

Նույնաբովանդակ հայտարարություն Հայաստանում ԱՄՆ դեսպանը շաբաթավերջին էր արել՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ Պաշտոնական Բաքվի արձագանքն էլ չէր ուշացել։ Ադրբեջանն «անթույլատրելի էր» համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Դեսպանն այսօր շատ կարճ արձագանքեց պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությանը։

«Ես ավելացնելու ոչինչ չունեմ ավելի վաղ իմ ասածին: Իմ մեկնաբանությունը, հայտարարությունը, որ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է, սա Միացյալ Նահանգների դիրքորոշումն է», - ընդգծեց Լին Թրեյսին։

Քաղաքագետ. Դեսպանի հայտարարության հասցեատերը Ռուսաստանն ու Թուրքիան են

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության հասցեատերը ոչ թե Ադրբեջանի նախագահն է, այլ Ռուսաստանն ու Թուրքիան, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Ըստ քաղաքագետի՝ այդ ուղերձի հիմնական նպատակը ոչ այնքան բանակցությունների վերսկսումն է, որքան ԱՄՆ-ի ու Եվրամիության դժգոհությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակից դուրս հայտնվելու պատճառով։

«Ուղերձ Ռուսաստանին և Թուրքիային, որ մենք չենք պատրաստվում հանգիստ ընդունել այս իրավիճակը, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների լայն կոնտեքստը քննարկվում և որոշվում է փաստացի առանց մեր մասնակցությամբ, մենք ցանկանում ենք նորից մաս դառնալ այս պրոցեսներին: Իմ գնահատմամբ` այս բոլոր հայտարարությունների հասցեատերը Ռուսաստանը և Թուրքիան են, դա Ադրբեջանը չի, և ոչ էլ դրանց նպատակը նա է, որ այնքան է հայտարարեն, որ պարոն Ալիևը ասի` լավ, արդեն էլ չեմ կարողանում ձեր ձայնը լսել, եկեք, նորից սկսենք բանակցենլ: Իհարկե, ոչ, իրենք էլ գիտեն, որ հայտարարություններով, եթե նույնիսկ օրը 24 հատ հայտարարություն ընդունեն, ոչինչ տեղի չի ունենալու», - նշեց քաղաքագետը:

Սյունիքի թեմային ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենն է անդրադարձել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը` շեշտելով` Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ բոլորով իրենց առաջին այցը Հայաստանում սկսեն Սյունիքից՝ կարևորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը։ Փոխդեսպանի հետ Հայաստանի հարավային մարզում են եղել նաև դեսպանատան ռազմական կցորդն ու քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել։

Ըստ Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության՝ ամերիկացի դիվանագետների հետ հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթևեկությանը, տնտեսական խնդիրներին առնչվող ու այլ հարցեր:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ Սյունիքի ամերիկյան դեսպանատան համար առաջնահերթություն է պայմանավորված ԱՄՆ շահերով, որոնք կապված են ամերիկյան պատժամիջոցների հետ. «Եթե վաղը պարզվի, որ ինչ-որ արգելված բեռ է տեղափոխվել Հայաստանից Իրան ցամաքային սահմանով, ամերիկացիները փորձում են հասկանալ` իմաստ ունի՞ Հայաստանին բողոքել կամ Հայաստանի կառավարությանը սպառնալ, ասել` հաջորդ անգամ, որ նման բան լինի, թույլ չտաք, թե՞ Հայաստանի կառավարությանը ... թույլ տալ կամ չտալու, հետևաբար հասցեատերն օրինակի համար Մոսկվան է, հետևաբար Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը պետք է քայլեր ձեռնարկի, ասի` խնդրում եմ դադարեցրեք Հայաստանի տարածքով Իրան մեզ համար անթույլատրելի բեռների տեղափոխումը»:

Քաղաքագետն ասում է` միջազգային հանրությունից կոշտ արձագանք պետք չէ սպասել Սյունիքի վերաբերյալ, երբ հայաստանյան իշխանություններն իրենք են ընդունում, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ Ադրբեջանի տարածքում են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG