Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի և նրա մերձավոր թիմակիցների դեմ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է
«Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը։
Ռուսաստանցի իրավապահներն ընդդիմադիրներին մեղադրում են «ծայրահեղական կառույց ստեղծելու համար»։ Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Նավալնին և նրա աջակիցներն այդ կառույցի միջոցով նպատակ ունեին «վարկաբեկել պետական իշխանության մարմինները և դրանց վարած քաղաքականությունը, ապակայունացնել իրադրությունը Ռուսաստանի ռեգիոններում, երկրում բռնի իշխանափոխության անհրաժեշտության վերաբերյալ հանրային կարծիք ձևավորել»։
Քրեական գործով Նավալնիից բացի անցնում են նրա մոտ մեկ տասնյակ թիմակիցները, այդ թվում՝ Լյուբով Սոբոլը, Լեոնիդ Վոլկովը և Իվան Ժդանովը։
Ալեքսեյ Նավալնին այս տարվա փետրվարին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման այսպես կոչված «Իվ Ռոշե»-ի գործով։