Ռուսական բանտում գտնվող ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին դիմել է Արևմուտքին կոռուպցիայի դեմ համաշխարհային պայքար վարելու կոչով:
Նավալնին իր ուղերձում նշել է, որ համաշխարհային բազմաթիվ հիմնախնդիրների հիմքում կոռուպցիան է:
Ընդդիմադիր գործիչն այդ ուղերձը տարածել է Սիբիրում նյարդապարալիտիկ նյութով թունավորվելու առաջին տարելիցի նախօրեին:
Նավալնին գրել է. - «Արևմուտքի լիդերները ցանկանում են լուծել համաշխարհային խնդիրները, որոնց թվում են պատերազմները, աղքատությունը, միգրացիան, կլիմայի ճգնաժամը, զանգվածային ոչնչացման զենքը: Կոռուպցիան հազվադեպ է տեղ գտնում այդ առաջնահերթությունների ցանկում, մինչդեռ հենց այդ ախտն է մոլորակի հիմնական ճգնաժամների պատճառը»:
Ալեքսեյ Նավալնիի ուղերձը հրապարակել են եվրոպական երեք խոշոր պարբերականներ՝ բրիտանական The Guardian-ը, ֆրանսիական Le Monde-ը և գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Նավալնին գրել է, որ «կոռուպցիայի դեմ պայքարն առանց կոռուպցիոներների դեմ պայքարի բացարձակ կեղծավորություն է, որը խաթարում է ընտրողների վստահությունը»:
Այդ ուղերձում ռուսաստանցի ընդդիմադիրն Արևմուտքին կոչ է անում տարբեր միջոցներում միջազգային բոլոր հարթակներում մարտահրավեր նետել բռնապետ լիդերներին և նրանց թվում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին:
Կրեմլի ընդդիմախոսը գրել է, թե կոռուպցիան բռնապետական երկրներում ծաղկում է նախևառաջ արևմտյան ֆինանսական հաստատությունների ու կառուցվածքի շնորհիվ, և հիշեցրել է, որ կոռուպցիոներները գողությամբ դիզած հարստությունը պահում են արտասահմանում:
Նավալնին գրել է, որ Արևմուտքի լիդերները պարտավոր են վճռականություն և քաղաքական կամք դրսևորել կոռուպցիայի դեմ պայքարում, որը, բանտարկված բլոգերի համոզմամբ, միանգամայն իրատեսական է: