Մատչելիության հղումներ

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Համանախագահները Միրզոյանի և Բայրամովի հետ ունեցել են նաև առանձին հանդիպումներ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարություն են տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան):

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները, հայտարարության համաձայն, քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ»: Միջնորդներն առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ միջոցառումներ և հնարավոր հետագա քայլեր:

Համանախագահներն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած գործողությունների ամբողջ շարքին, ասված է հայտարարությունում:

Միջնորդները ողջունում են արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ այն գնահատելով որպես «տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»:

Միջնորդները հայտնում են նաև, որ սեպտեմբերի 24-ին հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ՝ նրանց ներկայացնելով անցած մեկ տարվա ընթացքում իրենց գործադրած ջանքերը, այդ թվում՝ «գործընթացում ամենավերջին զարգացումները»:

Հայկական կողմի փոխանցմամբ՝ հնգակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։

«Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ», - նշված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Ադրբեջանական կողմն էլ հակիրճ հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մասնավորապես, Բայրամովը «հակառակ կողմին է փոխանցել հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս շեշտել և շեշտում են Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը, թեև 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե հակամարտությունն այլևս կարգավորված է։

XS
SM
MD
LG