Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ալիևը կոչ է արել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը


Ադրբեջանի նախագահը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը վերստին նշել է, թե ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է:

«Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր:

Նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով մենք ստեղծեցինք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները: Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականապես կողմնակալ անունների օգտագործումը, որոնք մանիպուլյատիվ բնույթ են կրում», - հայտարարել է Ալիևը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստաթղթեր են փոխանցել ՄԱԿ-ում բոլոր պետությունների ներկայացուցչություններին՝ ներառյալ համառոտ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք արտացոլում են Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վիճակը:

Ադրբեջանի նախագահը կոչ է արել միջազգային էներգետիկ ընկերություններին ներդրումներ կատարել Ղարաբաղի տարածքում կանաչ էներգիայի զարգացման համար: Ալիևն ասել է, որ վերջերս «ազատագրված Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը հայտարարել է կանաչ էներգիայի գոտի»:

Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև. Ալիև

Նա նաև հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև:

Ալիևի խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը սպասարկող ոլորտներից մեկը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:

«Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»:

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնված սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Նման համաձայնությունը կարող է մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության և համագործակցության տարածաշրջան: Այնուամենայնիվ, մենք դեռևս չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», - ասել է Ալիևը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Իր ելույթի բավականին ծավալուն հատվածը Ադրբեջանի նախագահը հատկացրել է Հայաստանին ուղղված մեղադրանքներին։

Ալիևը նոր մանրամասներ է պատմել Արցախում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից

Ադրբեջանի նախագահը մանրամասներ է պատմել Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ անձնական ընկերական կապերը «թույլ են տվել Մոսկվային և Բաքվին համաձայնեցնել ու ընդունել եռակողմ հայտարարությունը»։

«Ես ունեի առաջարկներ։ Վլադիմիր Վլադիմիրովիչը մասնակի արդեն իր հարցազրույցներից մեկում լույս է սփռել այդ իրադարձությունների վրա, այնպես որ չեմ ցանկանում մանրամասնել։ Հայտնի է սակայն, որ այդ առաջարկները հավանության էին արժանացել ռուսական կողմում, սակայն հայկական կողմը հրաժարվում էր, և ես կարծում եմ՝ ողբերգական, ճակատագրական սխալ է թույլ տվել։ Որովհետև եթե նրանք ընդունեին իմ կողմից առաջարկվող պլանը, որը Ռուսաստանն էլ էր հավանում, ապա պարտությունը նրանց համար այսքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ՝ ինչպես մեր կողմից, այնպես էլ՝ հայկական, ողջ կմնային։ Այսինքն՝ այս մարդկանց մահվան մեղավորը հենց հայկական ղեկավարությունն է, որը պատերազմական գործողությունների ընթացքում առնվազն երկու անգամ բաց է թողել պատմական հնարավորությունը», - "Национальная оборона" թերթին տված հարցազրույցում պնդել է Իլհամ Ալիևը։

«Շուշա [Շուշի] քաղաքն ազատագրելուց հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է իրականացնել այն, ինչ պետք է իրականացնի։ Նա հարցրեց՝ «Դուք մնո՞ւմ եք Ձեր դիրքորոշմանը»։ Ես ասացի՝ «այո, ես իմ դիրքորոշումը չեմ փոխում, եթե նրանք մեզ հաստատում են մնացած գրավյալ տարածքներից զորքը ետ քաշելու ժամկետները, մենք դադարեցնում ենք», - պատմել է Ալիևը և հավելել, որ այդ զրույցը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Նրա խոսքով՝ հաջորդ ժամերին արդեն հաջողվել է հակամարտող կողմերի հետ համաձայնեցնել հայտարարության տեքստը։

Ալիևի վկայությամբ՝ Պուտինն իրեն խնդրել է, որպեսզի չպնդի Փաշինյանի կողմից համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ։ «Ես ասացի, որ չեմ պնդի, Փաշինյանի նվաստացման հետ կապված ինձ ինչ-որ լրացուցիչ պահեր պետք չեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում։

XS
SM
MD
LG