2018 թվականի մարտին Սոլսբերիում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի թունավորման գործով բրիտանական հետաքննությունը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ևս մեկ քաղաքացու։
Երրորդ մեղադրվողը ենթադրաբար Ռուսաստանի ռազմական հետախուզության բարձրաստիճան աշխատակից Դենիս Սերգեևն է, ով Բրիտանիա էր մեկնել օգտագործելով Սերգեյ Ֆեդոտով անունով անձնագիր։
Նրա մասին երկու տարի առաջ հաղորդել էր Bellingсat հետաքննական խումբը։ Ըստ BBC-ի, Սերգեևը ռուսական հետախուզությունում գեներալ-մայորի կոչում ունի, և հավանաբար նա է ղեկավարել Սկրիպալների թունավորման օպերացիան։
Դենիս Սերգեևը 2018-ին Բրիտանիա է մեկնել նույն օրը, ինչ մյուս կասկածյալները՝ Անատոլի Չեպիգան (Ռուսլան Բոշիրով) և Ալեքսանդր Միշկինը (Ալեքսանդր Պետրով), բայց Սոլսբերիում չի եղել, մնացել է Լոնդոնում։ Լոնդոնի ոստիկանությունը պնդում է, որ երեք ռուսաստանցիները մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել։
«Մենք հիմա ապացույցներ ունենք ռազմական հետախուզության հետ նրանց կապի մասին», - հայտարարել է բրիտանական ոստիկանությունը։