New York Post օրաթերթը և ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում լույս տեսնող մի շարք պարբերականներ հայտնում են, որ ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան, Բրիտանիայից տեղափոխվել են Նոր Զելանդիա, որտեղ բնակվում են նոր անուն-ազգանուններով և փաստաթղթերով:
Նրանց անձնական նոր տվյալների և բնակության վայրի մասին տեղեկություն չկա:
Հայր և դուստր Սկրիպալներին 2018 թվականի մարտին անգիտակից վիճակում հայտնաբերել են Սոլսբերի ավանի այգում:
Ըստ իրավապահների և բժիշկների, նրանց թունավորել են «նովիչոկ» անվամբ նյութով: Հայրը և դուստրը երկար ժամանակ բուժվել են հիվանդանոցում:
Բրիտանիայի անվտանգության ծառայությունները և կառավարությունը պնդում են, որ Սկրիպալներին թունավորել են Ռուսաստանի գաղտնի ծառայության գործակալները: Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքը:
Սկրիպալների միջադեպից հետո Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները խիստ սրվել են: Արևմտյան երկրները սահմանել են լրացուցիչ պատժամիջոցներ: