Մատչելիության հղումներ

Գյումրին նշում է քաղաքի օրը՝ առանց տոնական միջոցառումների


Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաշենքի պաշտոնական բացումը, Գյումրի, 18-ը սեպտեմբերի, 2021թ․
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաշենքի պաշտոնական բացումը, Գյումրի, 18-ը սեպտեմբերի, 2021թ․

Գյումրին այսօր նշում է քաղաքի օրը, հետպատերազմյան առաջին տոնակատարությունը, սակայն անցնում է առանց տոնական միջոցառումների. ոչ համերգային ծրագիր է նախատեսվել, ոչ էլ՝ ավանդական հրավառություն:

Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ասում է, որ սահմափակվել են մի քանի միջոցառումներով: «Իհարկե, մենք, ելնելով իրավիճակից, որոշեցինք այս տարի շատ համեստ տոնել քաղաքի օրը։ Էդ տոնը, իհարկե, մեր սրտերում է», - նշեց Սանոյանը։

Հայաստանի երկրորդ քաղաքի օրը հատկապես առանձնացավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաշենքի պաշտոնական բացմամբ։ 10-ամյա հոբելյանը նշող Թումոն Գյումրիում պատանիներին կհյուրընկալի առաջին թատրոնի պատմական շենքում, որտեղ անցած դարասկզբին առաջին անգամ «Անուշ» օպերան է բեմադրվել: Կիսավեր շենքը մի քանի տարիների ընթացքում վերակառուցվել է, ու Թումոն արդեն մեկ տարի է այս շենքում է գործում:

Տեխնոլոգիաների, դիզայնի և այլ ոլորտներում պատանիներին անվճար կրթություն առաջարկող Թումոն գործունեության 10 տարիների ընթացքում շուրջ 60 հազար աշակերտ է ունեցել: Հայաստանում այժմ գործում են 4 կենտրոններ, Թումոյի բրենդն արդեն հասել է նաև Մոսկվա, Բեյրութ ու մի քանի եվրոպական քաղաքներ:

«Բեռլինի մեր առաջին փորձառությունը շատ հաջող էր, արդեն հաջորդ մեկուկես տարվա ընթացքին ուզում ենք 4 հատ հավելյալ կենտրոններ հիմնել, երկրորդը Հեսսենն է, և հետո տարբեր քաղաքներում», - ասաց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը՝ շարունակելով․ - «Մենք ունենք Ֆրանսիայում հիմա, հաջորդ մի քանի ամսվա ընթացքին Լիոնը բացվելու է, հետո՝ Մարսելը, Փարիզի ծրագիրը մեծանում է»։

Բացի կենտրոններից, մարզային համայնքներում նաև ստեղծվում են Թումո տուփեր, որոնք փոքր համայնքների պատանիներին են հասանելի դարձնում ժամանակակից կրթական հնարավորությունները։ Մարի Լու Փափազյանն այսօր Գյումրիում ազդարարեց «Թումո Հայաստան» 50 միլիոն դոլար բյուջեով ծրագիրը, որը նախատեսում է 110 Թումո տուփեր կառուցել հեռավոր ու սահմանամերձ գյուղերում:

«Կողբի աշխատանքը սկսել ենք, հիմա ավարտում ենք, Վանաձորը սկսելու ենք շատ շուտով և ավարտելու ենք, և անշուշտ Կապանը, որ մեզ համար շատ ստրատեգիական և մեզ համար շատ կարևոր հարավի տարածքի մեջ ամենակարևոր դիրքերից մեկն է։ Եվ նրանց շուրջ՝ իրենց տուփերը», - նշեց Թումոյի տնօրենը։

Արցախում ևս Թումոն ծրագրեր է իրականացնում և շարունակելու է․ - «Ունենք Ստեփանակերտ և ունենք երեք տեղ՝ Ասկերան, Մարտունի և Մարտակերտ, ուր տուփեր ենք դնելու՝ մեկ տուփ չէ, երկու տուփ են, այդտեղ, եթե չեմ սխալվում, կա՛մ վեց, կա՛մ յոթ տուփ ունենալու ենք»։

Գյումրիում Թումոյին է տրամադրվել նաև Կենտրոնական զբոսայգին, որտեղ ներդրում է արվելու, ու զբոսայգին վերակառուցվելու է։ Սակայն այստեղ քաշքշուկի են բախվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի հետ, որն այգում ռեստորանային համալիր է կառուցել, ու հարցը հիմա իրավապահների դաշտում է՝ հարուցվել է քրեական գործ:

Մարի Լու Փափազյանն ասում է՝ իրենք նախագիծն էլ ունեն, մնում է իրավական հարցը լուծվի․ - «Ծրագիրը կա, այգին վերականգնելու նպատակը կա, դուք տեսաք՝ շենքը այնպես մենք վերականգնեցինք, որպեսզի ինքը այգուն մաս կազմի, բաց է այգուն։ Շատ կարևոր է, որ այգին բարեկարգվի և ապահով միջավայրի տեղի վերածվի, նույնիսկ գիշերվա ժամերին»։

Քաղաքի օրվա միջոցառումներից հերթականը Գյումրիի ժողգործիքների համույթի նոր շենքի բացումն էր: Երկրաշարժից հետո տնակում գործող ու մարզերում միակ ժողգործիքների համույթն այսուհետ կգործի ժամանակին Շիրակ մարզպետների համար նախատեսված հանգստի տանը:

Ժողգործիքների համույթը Գյումրիի հիմնը հնչեցրեց։

Չնայած Գյումրին քաղաքի օրն այս անգամ նշում էր առանց տոնական միջոցառումների, այցելուների պակաս, ինչպես ամեն հանգստյան օր՝ այսօր ևս չկար։ Երեք օրից Գյումրին կրկին առանց տոնական միջոցառումների կնշի նաև Հայաստանի անկախության 30-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG