«Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հարցում Կիևը շարունակելու է «բարեկամական ճնշում» բանեցնել գործընկերների հանդեպ», - այսօր հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Նրա խոսքով՝ «գործընկերները լսում են Կիևի տեսակետները, սակայն, որևէ հստակ որոշում չեն կայացնում»։
«Եկել է այն պահը, երբ Գերմանիան և ԱՄՆ-ը պետք է գործեն այս հարցում՝ Ուկրաինային տրված երաշխիքների շրջանակում խոսքերից գործի անցնելով», - նշել է Դմիտրի Կուլեբան։
Ուկրաինայի արտգործնախարարի խոսքով՝ ի տարբերություն արևմտյան պետությունների, Ռուսաստանը հստակ գործողություններ է իրականացնում «Հյուսիսային հոսքի» շինարարության հիմքում դրված քաղաքական և տնտեսական նպատակներին հասնելու համար։
«Ռուսաստանը կոնկրետ գործողությունների է անցել, և գազի գինը Եվրոպայում արդեն իսկ զգալիորեն աճել է», - նշել է ուկրաինական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Կիևը կտրականապես դեմ էր Ռուսաստանը Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք 2» ստորջրյա գազատարի շինարարությանը։ Ուկրաինայի իշխանությունները պնդում էին, որ իրենց երկրի տարածքով անցնող խողովակաշարի շահագործումից հրաժարումը հանգեցնելու է ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության կտրուկ աճին։