Մատչելիության հղումներ

5000 բնակիչ ունեցող գյուղի անդորրը տևական ժամանակ խաթարող ընկերությունը տուգանվել է 350 հազար դրամով


Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչները կորցրել են քուն ու դադարն այն օրից, երբ գյուղի ներքևում տեղավորված քարամշակման արտադրամասը նոր, ավելի հզոր քարաղացման հաստոց է գործի դրել։

Փոշին մի կողմից, օր ու գիշեր իրենց տները հասնող անտանելի աղմուկը մյուս կողմից, բնակիչներին օր ու արև չեն տալիս։

«Հոգեկաններս խանգարվել ա։ Գիշեր-ցերեկ իրանք ընդհանրապես հանգիստ չունեն։ Ո'չ շաբաթ-կիրակի գոյություն ունի, ո'չ ժամ գոյությունի ունի», - «Ազատությանն» ասաց բնակիչներից մեկը։

2018 թվականին «Ա. Ա. Բ. Պրոյեկտ» ճանապարհաշինական ընկերությունը Վանաձորից դեպի Վրաստան տանող մայրուղուն կից քարամշակման արտադրամաս է հիմնել։ Հարևան Քարաբերդի քարհանքից հումքը բերում, այստեղ խիճը մանրացնում, բետոնի ու ասֆալտբետոնի արտադրությամբ են զբաղվում։

2018-ից նախ երկու քարաղացներով, հետո արդեն ավելի հզոր երրորդ հաստոցով են աշխատում։ Արտադրամասին ամենամոտը գտնվող հինգ հազարից ավելի բնակիչ ունեցող Գուգարքում ասում են, որ նախկին երկու հաստոցները տանելի էին, երրորդի տեղադրումից հետո այլևս ի վիճակի չեն հանդուրժել։ Անցած ամիսներին մի քանի անգամ դիմել են մարզային իշխանություններին, հանդիպել ընկերության պատասխանատուներին ու հավաստիացումներ ստացել, որ շուտով կվերացնեն խնդիրները։ Բայց ամիսներ անց, ըստ նրանց, դեռ նույն վիճակն է։

Գուգարքցի Մուշեղ Եթումյանն այդ հանդիպումներին մասնակցածներից մեկն է. - «Մի ամիս ժամանակ խնդրեցին իրանք, որ էդ աղմուկը վերացնեն, էս չորրորդ-հինգերորդ ամիսն ա, նույն ձևով, նույն վիճակով գնում ա»։

Գյուղի կենտրոնում, որը համեմատաբար հեռու է արտադրամասից, ևս պնդում են, թե անգամ իրենց է հասնում աղմուկն ու փոշին։

Գուգարքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկանուշ Սարգսյանն ասում է, որ ամեն օր են բնակիչներից դժգոհություններ լսում։ Իրենք էլ որպես տեղի իշխանություն դիմել են արտադրամասի տնօրենին, պատասխան ստացել, թե նորմաների սահմաններում են գործում։

«Փաստն այն է, որ բնակիրները, ես էլ, իմ տունն էլ ա մոտիկ, ձայնը լսում են գիշերը, ամեն գիշեր, որ դու ժամը տանսերկուսից երկուսը բարձր աղացի ձայն լսես, վեցից առավոտվա էլի բարձր աղացի ձայն լսես։ Չեն քնում երեխաները, անհանգիստ են... Մարդիկ ասում են՝ ի՞նչ անենք, գնանք ուրիշ տեղ վարձով ապրե՞նք»։

Մինչդեռ երկու ամիս առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարել էր, որ բնակիչների բողոքների հիման վրա ստուգումներ են իրականացրել արտադրամասում ու մի շարք խախտումներ արձանագրել։ Ընկերությունը մեկ տարի գերազանցել է արտանետումների թույլատրելի սահմանաչափը, մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական չափումներ չի իրականացրել, Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման կետում ջրաչափ չի տեղադրել:

Շրջակա միջավայրին հասցված գրեթե 5 միլիոն դրամի վնասի դիմաց պետական մարմինն ընկերությանը տուգանել է 350 հազար դրամի չափով և ժամանակ տվել խախտումները վերացնելու համար։

Այսօր մեր այցելության պահին արտադրամասի հաստոցները չէին աշխատում։ Պատասխանատուները հրաժարվեցին հարցազրույցից, բայց ասացին՝ անսարքություն ունեն, վերացնեն, վաղը կվերսկսեն աշխատանքը։

Նշեցին, թե տուգանքը վճարել են, խախտումների մի մասն արդեն վերացրել։

Իսկ Գուգարք հասնող աղմուկը նվազեցնելու համար 12 մետր բարձրությամբ պատ են կառուցում։ Ասացին՝ մեկ ամիս էլ դիմանան բնակիչները, արդեն գործը կավարտեն։ Իսկ գիշերային ժամերի աշխատանքը պատճառաբանեցին կուտակված ճանապարհաշինական աշխատանքներով, որ անհրաժեշտ է ժամկետներում տեղավորվելու համար։

Բայց բնակիչներն անհամբեր են, նշում են, թե ընկերության բիզնեսն իրենց առողջության հաշվին է։

«Իմ թոռնիկի չքնելու պատճառով ինչ-որ մեկը պիտի հարստանա, հա՞», - վրդովված ասաց Գուգարքի բնակիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG