Մատչելիության հղումներ

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ. Միրզոյանը՝ Թրեյսիին


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել է «Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների արդյունքում, ինչպես նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը»:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական լուծմանը:

Արտգործնախարարը նաև հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` առկա հարցերը քննարկելու և հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG