Մատչելիության հղումներ

Իրանցի վարորդները ևս հաստատում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն իրենցից գումար են պահանջում


Գորիս-Կապան միջպետական ճանապարհով մի քանի օր առաջ Երևան եկած իրանցի վարորդին էլ են անակնկալի բերել ադրբեջանցի ոստիկանները։ Իրանցին, որը չցանկացավ ներկայանալ, հինգշաբթի օրը Որոտանի հատվածով երթևեկելիս է եղել, երբ նրան կանգնեցրել են ադրբեջանցի ոստիկաններն ու ամրագոտի չկապելու պատրվակով դիզվառելիք պահանջել։ Ասում է՝ ստիպված բեռնատարի վառելանյութից է տվել։ Վարորդը Իրանից Հայաստան հեղուկ գազ է տեղափոխում։

«Խնդիր այն է, որ շատ նեղ ճանապարհ է մի բեռնատար կանգնեցնում են և մեզանից դիզվառելիք են ուզում տարբեր պատվարկներով՝ ամրագոտի չես կապել կամ նոր ես կապել: Ամենահետաքրիրն այն է, որ ադրբեջանցիները հայ են ներկայանում», - ասաց իրանցի վարորդը:

Նրա խոսքով, անցակետում իր փաստաթղթերը չեն ստուգել, բայց իրենից հետո արդեն սկսել են գործընկերների փաստաթղթերը ստուգել։

Նույն պատճառաբանությամբ նաև մեկ այլ իրանցի վարորդի են կանգնեցրել ադրբեջանցի ոստիկանները։ Ամրագոտի չկապելու համար այս վարորդից էլ 10 հազար դրամ են ցանկացել վերցնել՝ որպես տուգանք. - «3 հազար դրամ տվեցի ու անցա: Հենց նոր ընկերներիս հետ էի խոսում։ Նրանք ասում են, որ ադրբեջանցիները 120 դոլար են պահանջել ամեն մի մեքենայից Ադրբեջանի ճանապարհից օգտվելու համար: Իմ բոլոր փաստաթղթերը ստուգել են, նախապես որևէ խնդիր չենք ունեցել»:

Վարորդի վկայությամբ, հիմա Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրին մոտ հատվածում իրանական բեռնատարների մեծ կուտակում կա։ Վարորդները սպասում են հարցի կարգավորմանը։

Որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում, պաշտոնապես երեկ հաղորդվեց։ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, թե «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում կեսօրից Ադրբեջանի ոստիկանությունն ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերը»։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», - ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմն էլ այսօր տեղեկություն տարածեց՝ պարզաբանելով, թե Ադրբեջանի հարկային օրենսգրքով, երկիր մուտք գործող ու դուրս եկող տրանսպորտային միջոցները հարկվում են, մասնավորապես՝ ճանպարհային հարկով, և Ադրբեջանի տարածքում միջազգային փոխադրումներ կատարելու համար։

«Մաքսային մարմինները ներկայումս կիրառում են օրեսնդրությամն այս ուղղությամբ նախատեսված դրույթները երկրի ողջ տարածքում», - ասված է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում, թե ինչ իրավիճակ է այսօր Գորիս - Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում։ Ազգային անվտանգության ծառայությունը նոր տեղեկատվություն չի տրամադրել։ Իշխող ուժի պաշտոնյանները ևս խուսափում են մեկնաբանություն տրամադրել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց. - «Հավելյալ մեկնաբանություն չեմ անի։ Երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, ապա մեր համապատասխան կառույցները հանդես կգան հայտարարությամբ, և եթե կարիք լինի հավելյալ մեկնաբանություն անելու, ապա այդ դեպքում ես կամ մեր պատգամավորները ևս հավելյալ մեկնաբանություն կանեն»։

Ճանապարհի շուրջ այս զարգացումների հետքերով Այսօր Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պահանջեց Սյունիքի հարցով խորհրդարանում քննարկում կազմակերպել։ Ընդդիմադիրներն ուզում են պատասխանատու պաշտոնյաններից տեղեկանալ, թե ինչ է կատարվում Սյունիքում։

«Հայաստան» խմբացկության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. - «Այս ընթացքում մենք որևէ հիմնավորում, որևէ բացատրություն և որևէ վարքագիծ չտեսանք իշխանությունների կողմից։ Ելնելով հանգամանքից, որ ի վերջո մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, պարոն Սիմոնյան, հարգելի գործընկերներ, «Հայաստան» խմբակցությունը պահանջում է, որպեսզի գտնենք ձևաչափ անպայման՝ քննարկում կազմակերպելու, որպեսզի մենք կարողանանք ի վերջո հավուր պատշաճի հասկանանք ինչ է կատարվում։ Մանավանդ, երբ Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը արդեն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»։

«Ձեր կողմից որևէ արձագանք չեղավ, թե արդյոք պատրաստվում եք այդ խնդիրը արագ կարգավորել և ԱԱԾ տնօրենին հրավիրել Ազգային ժողով», - հավելեց նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագաքնելով Մանուկյանին, չբացառեց, որ առաջարկը կարող է ընդունվել. - «Այդ հարցը կքննարկենք ձևաչափի առումով, և չեմ բացառում, որ առաջարկը կընդունվի»։

«Հայաստան» խմբակցություն պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ԱԺ նախագահը պարտավոր է արձագանքել իրենց պահանջին: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ հարցը ոչ միայն անվտանգությանն է վերաբերում, այլև տնտեսական խնդիրներ կարող են առաջանալ. - «Տեսնում եմ նաև տնտեսական խնդիր։ Հիմա դա երկրորդ հարցն ա անվտանգությունից հետո, բայց՝ ոչ պակաս կարևոր։ Եվ ինչպես գիտեք, քառասուն տոկոսից ավել ապրանքաշրջանառությունը մեզ մոտ կատարվում է Պարսկաստանի կողմից... սա վաղը-մյուս օրը վտանգված ա»...

Շատ կարճ էր իշխող ուժի պատգամավոր Բաբկեն Թունյանի արձագանքը։ Նա Գորիս - Կապան միջպետական ճանապարահին ադրբեջանական անցկացետի տեղադրումը լուրջ խնդիր է որակում. - «Հետևանքը կարող ա լինել էն, որ մարդիկ պարզապես կփորձեն խուսափել Հայաստան էդ ճանապարհով ապրանքներ ներմուծելուց։ Որևէ մեկի համար հաճելի չի, երբ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ են առաջանում»։

Ավելի վաղ ադրբեջանական զինուժը փակել էր ճանապարհի նույն հատվածն ու մեկ այլ հատված՝ Շուռնուխից դեպի Կապան։ Միջպետական ճանապարհի երկու հատվածները վերաբացվեցին բանակցությունների արդյունքում։ Դրանց նաև ռուսական կողմն էր մասնակցում։

44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ Պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ են տեղակայվել։

Հայաստանյան իշխանություններն այս ճանապարհին որպես այլընտրանք Կապան - Աղվանի-Տաթև ճանապարհն են ցանկանում օգտագործել։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր ճանապարհի այդ հատվածի հիմնանորոգումը մինչև տարեվերջ կավարտվի։

XS
SM
MD
LG