Մատչելիության հղումներ

Թեհրանը հայտարարել է, որ կվերականգնի ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների տեսախցիկներին


Թեհրանը կվերականգնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ռուսերեն հապավումը՝ ՄԱԳԱՏԷ) հասանելիությունը Իրանի միջուկային օբյեկտների դիտարկման տեսախցիկներին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նոր ղեկավար Մոհամմադ Էսլամիի այսօրվա հանդիպմանը:

Այս բանակցությունները Թեհրանում կայացել են` համաշխարհային տերությունների հետ իրանական միջուկային պայմանագրի վերակենդանացման ջանքերի ֆոնին:

Սա Գրոսիի առաջին այցն է Իրան օգոստոսին նախագահ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնը ստանձնելուց հետո:

Այս ամսվա սկզբին ՄԱԳԱՏԷ -ն զեկույցում հայտնել էր, որ Իրանն առաջընթաց է արձանագրել մետաղական ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքներում:

Հիշեցնենք, Իրանը և վեց գերտերությունները 2015 թվականին կնքել են պատմական նշանակության միջուկային պայմանագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել ուրանի հարստացումը: Դրան ի պատասխան միջազգային համայնքը պետք է աստիճանաբար չեղարկեր պատժամիջոցները:

Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել այդ պայմանագրից, ինչից հետո Թեհրանը հայտարարել է, որ կվերականգնի ուրանի հարստացումը:

Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու ցանկության մասին, սակայն Վիեննայի միջնորդավորված բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել:

XS
SM
MD
LG