Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 303 հազար 325 պատվաստում, որից առաջին դեղաչափ`195 հազար 290, երկրորդ դեղաչափ` 108 հազար 035։
Ըստ Առողջապահության նախարարության ներկայացրած աղյուսակի՝ պատվաստվածների 96 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, 4 տոկոսը՝ օտարերկրացիներ։
Նախարարությունը հիշեցնում է, որ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ աշնանը Հայաստանում կլինեն նաև արդեն «Փֆայզեր», «Ջոնսոն ընդ Ջոնսոն» և «Նովավաքս» պատվաստանյութերը։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 245 հազար 264-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 617 մարդ։