Մատչելիության հղումներ

Նոր սկանդալ Վրաստանում․ կառավարությունը հրաժարվել է Եվրամիության՝ 75 միլիոն եվրո օգնությունից ու բախվել ընդդիմության կոշտ արձագանքին


Վրաստանում ներքաղաքական նոր սկանդալ է ծագել. նախօրեին կառավարությունն անակնկալ հրաժարվեց Եվրամիության ֆինանսական օգնության հերթական չափաբաժնից` 75 միլիոն եվրոյից`արժանանալով ընդդիմության կոշտ գնահատականին:

Քննադատությանն ի պատասխան՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շտապեց պատճառաբանել․ - «Մակրոֆինանսական այդ օգնությունը ոչ թե դրամաշնորհ էր, այլ` վարկ, իսկ մենք սկսել են աստիճանաբար կրճատել մեր արտաքին պարտքը»։

Ժամեր անց էլ էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան փորձեց համոզել, որ որոշման հիմքում ընկած է միայն ու միայն մաթեմատիկական հաշվարկն ու այն փաստը, որ Վրաստանի տնտեսությունը սկսել է աննախադեպ, երկնիշ աճ արձանագրել:

«Մեր տնտեսությունը այս տարի հավելյալ մեկ միլիարդ լարի է արտադրել, այսինքն, մենք ունենք ներքին ռեսուրս, որը կարող ենք ուղղել բազմաթիվ ծրագրերի իրագործմանը: Որևէ իմաստ չկա ավելացնել արտաքին պարտքը, որն առանց այդ էլ աճել է կորոնավիրուսի պատճառով», - հայտարարում էր Տուրնավան:

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ անցած տարի Վրաստանի արտաքին պարտքը հատել է ութ միլիարդ դոլարի շեմը, ինչը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 60 տոկոսը:

Ընդդիմախոսները, մինչդեռ, պնդում են՝ իշխանությունները որոշել են առաջանցիկ քայլ անել ու իրենք հրաժարվել օգնությունից, քանի որ նախապես գիտեին, որ տնային աշխատանքը չեն արել, և այդ գումարը չեն ստանալու:

Դեռ անցած շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը զգուշացրել էր, որ անհրաժեշտ է արագացնել դատական համակարգի բարեփոխումները, որոնք որպես նախապայման էին դրված օգնության ծրագրի հիմքում:

Վրաստանում Եվրամիության առաքելության ղեկավարի պաշտոնակատար Ժյուլյեն Կամպը երեկ երեկոյան հաստատեց` Թբիլիսին ստանձնած արտավորությունները չի կատարել:

«Վրաստանը ձախողել է իրականացնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ էին`մակրոֆինանսական այս աջակցությունը ստանալու համար, հատկապես, համարժեք քայլեր չի ձեռնարկել բարելավելու դատական համակարգի անկախությունը, հաշվետվողականությունն ու որակը: Եվրամիությունը հորդորում է վրաստանյան իշխանություններին հավատարիմ մնալ բարեփոխումների իրենց հանձնառությանը` ի շահ Վրաստանի քաղաքացիների և Եվրամիության ու Վրաստանի միջև հարաբերությունների: Բրյուսելը կշարունակի ուշադրությամբ հետևել իրավիճակին», - հայտարարում էր եվրոպացի բարձրատսիսճան պաշտոնյան:

Օգնության այս փաթեթը նախատեսված էր կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու համար: Փաստաթուղթը կնքվել էր անցած տարի սեպտեմբերին։ Բրյուսելի ֆինանսական աջակցության դիմաց պաշտոնական Թբիլիսին պարտավորվել էր մի շարք բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Ի սկզբանե կողմերը պայմանավորվել էին 150 միլիոն եվրոյի մասին, դրա կեսը` 75միլիոնը, Վրաստանի կառավարությունը ստացել էր ամիսներ առաջ` առանց արտաքին պարտքի մասին մտահոգվելու:

Մինչ այս` անցած հունիսին էլ, իշխող «Վրացական երազանքը»՝ կրկին անակնկալ, դուրս էր եկել քաղաքական համաձայնությունից, որը կնքել էր ընդդիմության հետ` Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ: Դրանով իշխող կուսակցությունը խոստացել էր` եթե առաջիկա աշնանը տեղական ընտրություններում ձայների 43 տոկոսից ավելին չստանա, կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

XS
SM
MD
LG