Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է:
Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը:
Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ:
Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը:
Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին:
Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել:
«Այս բանաձևը ոչ այնքան կոնկրետ գործողությունների, որքան սկզբունքների, քաղաքական առանցքային ուղերձների և նախազգուշացումների հռչակագիր է»,- անունը չհրապարակելու պայմանով՝ ասել է ՄԱԿ-ում հավատարմագրված մի դիվանագետ:
Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Ռիչարդ Գովանի, «անվտանգ գոտու» մասին դրույթը հանվել է, քանի որ, եթե պահպանվեր, կար մեծ հավանականություն, որ ռուսները և չինացիները վետոյի կենթարկեին ամբողջ նախագիծը:
«Ձախողման համար մեղավոր է Մակրոնն, ով չափից շատ համառ է առաջ տարել «անվտանգ գոտու» գաղափարը, կամ, առնվազն, այն չի կարողացել պատշաճ ձևով հրամցնել գործընկերներին: Բոլոր դեպքերում, բանաձևում կա թալիբներին հասցեագրված հստակ ուղերձ՝ Քաբուլի օդակայանը բաց պահելու և օգնություն տրամադրելու հարցում ՄԱԿ-ին սատարելու անհրաժեշտության մասին»,- ասել է փորձագետը:
Բանաձևում կան նաև դրույթներ, որոնց համաձայն թալիբները պետք է պարտավորվեն հարգել մարդու, այդ թվում՝ երեխաների, կանանց և փոքրամասնությունների իրավունքները, պետք է քաղաքական բոլոր ուժերին ընձեռեն համազգային ճգնաժամը միասին հաղթահարելու հնարավորություն:
Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներին կոչ է անում ապաստան չտրամադրել ահաբեկչական կազմակերպություններին և չֆինանսավորել դրանց գործունեությունը: