Թալիբները հայտարարել են, որ մտադիր են բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ: Այդ մասին ասել է «Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլահ Մուջահիդը:
«Չինաստանի համաշխարհային հեռուստացանց» ընկերության թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Աֆղանստանի նոր կառավարության արտաքին քաղաքականության հայեցակարգին, Մուջահիդն ասել է, որ թալիբները ցանկանում են լավ կապեր հաստատել բոլոր պետությունների հետ:
Նա դիմել է, իր ձևակերպմամբ, «բարեկամ երկրներին», առաջարկելով դրանց՝ շփումներ հաստատել թալիբների հետ:
«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ հաստատել Չինաստանի և բոլոր մնացած պետությունների հետ: Մենք ցանկանում ենք զարգացնել տնտեսական կապերը և բարեկամական հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է Աֆղանստանը գրաված զինված շարժման խոսնակը:
Նա հավաստիացրել է, որ թալիբները չեն ներխուժի որևէ օտարերկրյա դեսպանատան տարածք և կապահովեն Քաբուլում դեսպանատների թաղամասի անվտանգությունը:
Նա ընդգծել է, որ ոչ մի ահաբեկչական կառույց, այդ թվում՝ «Ալ-Ղայդան», չի ունենա Աֆղանստանում ապաստանելու և գործելու հնարավորություն:
Աֆղանստանը, թալիբների խոսնակի հավաստիացմամբ, չի կատարի որևէ քայլ, որը վնաս կհասցնի հարևան պետություններին: