Մատչելիության հղումներ

Ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրվող Գևորգ Նավոյանը տեղափոխվել է հիվանդանոց. դատական նիստը հետաձգվեց


Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով դատական երկրորդ նիստը, որով անցնում են «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանը և քաղաքացի Անահիտ Գրիգորյանը, բացվեց ու ավարտվեց դատարկ դահլիճում։

Դատական այս գործով Գևորգ Նավոյանը մեղադրվում է կաշառք տալու, Անահիտ Գրիգորյանը՝ կաշառքը ստանալու մեջ։ Նիստը չկայացավ կալանքի տակ գտնվող Գևորգ Նավոյանի առողջական խնդիրների պատճառով։ Դատարանը գրություն էր ստացել։

«Գևորգ Նավոյանը 26.08.2021թ. տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարություն «Միքայելյան համալսարանական հիվանդանոց» ԲԿ: Մեծ ծավալի բարդ վիրահատության է ենթարկվել, որից հետո չի հասցրել վերականգնվել և պաշտպանն իր հերթին խնդրել է դատական նիստը հետաձգել», - գրությունը ներկայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Ըստ մեղադրանքի` Գևորգ Նավոյանը և նաև «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու 35-ամյա Հակոբ Էքիզլարյանը, ով, ի դեպ, հետախուզման մեջ է, որովհետև դատարանի կողմից խափանման միջոցը փոխելուց հետո լքել է երկիրը, ընտրողներին առաջարկել և խոստացել են 20 հազարական դրամ կաշառք` արտահերթ ընտրություններին մասնակցելու և դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: 40 000 դրամ էլ Անահիտ Գրիգորյանին է տրվել։ Այդ գումարը Անահիտ Գրիգորյանը ստացել է ոչ թե «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու, այլ շտաբի համար աշխատելու դիմաց, «Ազատությանը» նախորդ նիստի ժամանակ ասել էր պաշտպանը։

«Այդ գումարը եղել է ոչ թե ընտրակաշառք, այլ քարոզչություն իրականացնելու համար ծագած քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա որոշակի աշխատանքների համար պայմանագրային վճար: Կարևոր չի շտաբում է աշխատել, թե շտաբից դուրս, կարևորն այն է, որ շտաբի պատասխանատուի հետ կնքել է համապատասխան պայմանագիր», - ասաց պաշտպան Արտակ Նավասարդյանը:

Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին։

Իսկ առհասարակ, արտահերթ խորհրդարանական այս ընտրությունները աչքի ընկան մեծ թվով խախտումների բացահայտմամբ՝ ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը դիտորդական առաքելության մաս էր կազմում։ Բացի այդ, ըստ Իոաննիսյանի, այս ընտրությունները աչքի ընկան նաև խախտումները կատարողների տեսանկյունից։

«Ստանում էինք բազմապիսի տեղեկություններ տարբեր տեսակի խախտումների մասին, բայց չենք կարողանում ապացուցել դրանց առկայությունը: Մենք այդ տեղեկատվությունով կիսվում ենք իրավապահների հետ, բայց իրավապահներին էլ շատ դեպքերում վկա է պետք կամ ինչ-որ ապացույց է պետք, որպեսզի կարողանանք գործ հարուցել և գործը քննել: Հաճախ դա չի լինում, այսինքն իրական պատկերը, բնականաբար, շատ ավելի լայն է և շատ ավելի շատ ընտրակաշառք է բաժանվել, քան բացահայտված դեպքերը», - ասաց Իոաննիսյանը:

Գլխավոր դատախազության տվյալներով` հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրեական գործ՝ մեծ մասը՝ 33-ը, առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու համար, 11-ը՝ կապված է պաստառների ու գույքային վնաս հասցնելու հետ, կան նաև գործեր ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, տեղամասային կենտրոնում կամ հարող տարածքում բռնություն գործադրելու, դրա սպառնալիքի և այլ հատկանիշներով։

Դանիել Իոաննիսյանը նաև նկատեց, որ շատ խախտումներ ու հանցագործություններ էլ չդարձան իրավապահների քննարկման առարկա:

«Այս ընտրություններին ընտրական հանցագործությունները, հիմնականում ընտրակաշառքը կատարում էին ոչ թե իշխանությունները, այլ՝ այլ ուժեր, ինքը շատ սպեցիֆիկ է ոչ միայն Հայաստանի համար, այլ ցանկացած երկրի համար սա այդքան էլ տարածված չէ: Ժողովրդավարության շատ մեծ մարտահրավեր էր այս ընտրությունները Հայաստանում: Հաջորդ մեծ մարտահրավերը կլինի այն, երբ որ իշխանության կողմնակիցները դիմեն ընտրական հանցագործության, ես հույսով եմ՝ դա երբեք չի լինի, բայց եթե նման բան լինի, կտեսնեք իրավապահները ինչպես իրենց կպահեն՝ արդյոք իրավապահները նո՞ւյն կերպ իրենց կպահեն, ինչպես այս անգամ պահեցին իրենց ընդդիմադիրների բաժանած ընտրակաշառքի դեմ պայքարի հարցում», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:

Ընտրություններից հետո քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ։ 7 քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան, որոնցից 4 գործ՝ ընտրակաշառք տալու, փորձի, ստանալու և ընտրակաշառքի օժանդակության վերաբերյալ է։ Այս գործերով կաշառք տալու մեջ մեղադրվում է 9 անձ, բոլորն էլ «Պատիվ ունեմ» դաշինքից, քրեական մյուս 3 գործերով անցնում են «Հայաստան» դաշինքի անդամները՝ անձանց կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար:

Մեղադրյալներից մեկն էլ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու ընտրված, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն է, ում առողջական վիճակն այսօր վատացել է, նրան տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։ Թե որքա՞ն կմնա հիվանդանցում Չարչյանը, և՛ բժշկական կենտրոնը, և՛ նրա փաստաբանները տեղեկություն չտրամադրեցին։

XS
SM
MD
LG