Մատչելիության հղումներ

37 քրգործ, 26 մեղադրյալ. դատախազությունը հրապարակել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ վերջին տվյալները


37 քրեական գործ, 26 մեղադրյալ, որոնցից 6-ը պատգամավորության թեկնածուներ են՝ արտահերթի ընթացքում ընտրական հանցագործությունների վերաբերյալ Գլխավոր դատախազության հրապարակած վերջին տվյալներն են։

6 թեկնածուներից 5-ը կալանավորված են, մեկը՝ ձերբակալությունից ազատ արձակվելուց հետո լքել է երկիրը, «Պատիվ ունեմ» դաշինքի այս թեկնածուն հետախուզվում է։ Նրա անունը չի հրապարակվում։

Ընտրակաշառք բաժանելու գործերով չեն անցնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, ու չնայած այս հանգամանքին՝ «Անկախ դիտորդ» դաշինքը 10-ից ավելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին հենց «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու և վարչական ռեսուրս կիրառելու մասին։ Դիտորդ Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ «Հայաստան» դաշինքը ընտրակաշառք բաժանելու հարցում առաջին տեղում է։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շատ ավելի զգույշ էին աշխատում: Այն միարժեք տպավորությունն ունեինք մենք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները իրավապահների ներսում ունեին մարդիկ, ովքեր իրենց հայտնում էին, թե ինչ մեթոդներով են իրավապահները աշխատում, ինչ մեթոդներով են իրավապահները մտադիր բացահայտել և կոնկրետ ում վրա են աշխատում: Մենք ունենք հանցագործության մասին հաղորդում «Հայաստան» դաշինքի օգտնի նույնիսկ իրավապահների կողմից, որոշ ոստիկանության ցածրաստիճան ծառայողների կողմից ընտրակաշառք բաժանելու հետ կապված: Նույնիսկ նման հաղորդում Արարատի մարզի հետ կապված մենք ունենք», - ընդգծեց Իոաննիսյանը:

«Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունից պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը Իոաննիսյանի ներկայացրած պնդումները աբսուրդ է որակում և կասկածի տակ դնում դիտորդի անկախ լինելը։ Ասում է՝ նա իշխանությունների մերձավորն է։

«Դա ուղղակի աբսուրդի ժանրից է, ի՞նչ է նշանակում՝ մենք ոստիկանությունում ունենք կապեր, ի՞նչ կապերի մասին է խոսքը, ի՞նչ է նշանակում ոստիկանությունն է բաժանել: Եթե ոստիկաններից որևէ մեկը օրենք է խախտել, պետք է բռնել և դատել: Եթե այդ փաստը չապացուցվի, բամբասանքը տարածողին է պետք բռնել և փակել: Էլի եմ ասում՝ այդ անկախ բառը թող շատ չչարաշահի, բոլորն էլ գիտեն, որ Դանիել Իոաննիսյանը անկախ մարդ չի», - ընդգծեց Խաչատրյանը:

Եթե «Պատիվ ունեմի» դեպքում ընտրակաշառքի չափը, ըստ դիտորդների, հասել է 20-30 հազար դրամի, ապա նախկին նախագահ Քոչարյանի գլխավորած դաշինքը մինչև 100 հազար դրամ է վճարել քվեի դիմաց։ Իոաննիսյանը կարծում է՝ իրավապահներն արդյունավետ են աշխատել «Պատիվ ունեմի» խախտումները հայտնաբերելիս, ինչը չես ասի «Հայաստան» դաշինքի հարցում։

«Տարբեր ուժերի դեպքում դրանք տարբեր էֆեկտիվություն են ունենում, որովհետև տարբեր ուժեր տարբեր մեթոդներով են դա անում, զգուշությամբ են դա անում և տարբեր ուժեր միգուցե նաև իրավապահներում մարդիկ ունեն, ովքեր տեղեկություն են հաղորդում, ասում են, թե ինչ մեթոդներով են իրավապահները մտադրված բացահայտել և այլն: Ի վերջո նաև Չարչյանի դեպքը բացահայտել են ոչ թե իրավապահները, այլ հենց մեր աղբյուրը», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Ընտրակաշառքի գործով մեղադրյալ 6 թեկնածուներից 4-ը «Պատիվ ունեմ» դաշինքից են, մեկը՝ անցողիկ շեմը չհաղթահարած, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուներից, 6-րդն էլ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն է։ Միայն Չարչյանն է, որ մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Մյուս հինգը՝ ընտրակաշառք տալու համար։

Ընտրական հանցագործությունների փաստերով 37 քրեական գործերից 23-ը հարուցվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության համար։ Մյուս գործերը տարբեր ընտրախախտումների մասին են։ Հեղափոխությունից առաջ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանցագործություններով 20 քրեական գործ էր հարուցվել։ Իոաննիսյանն ասում է՝ սա չի նշանակում, որ այն ժամանակ ավելի քիչ էին ընտրախախտումները, պարզապես հիմա իրավապահները շահագրգիռ են բացահայտել դրանք։

«17 թվականը շատ ուժեղ տարբերվում էր, այսինքն 2017 թվականին իրավապահները ոչ թե ուզում էին դրանք բացահայտեին, այլ ուզում էին դրանք կոծկեին նույնիսկ այն դեպքերը, որոնք լրագրողները կամ մենք բացահայտում էինք, իրավապահները ամեն ինչ անում էին, որպեսզի դրանք կոծկվեին», - նշեց Իոաննիսյանը:

XS
SM
MD
LG