Մատչելիության հղումներ

«Լցակայաններում մեքենաներ չկան, որովհետև գազ էլ չկա». Արվող քայլերը տնտեսագետը ուշացած է համարում


Տեսանյութը, որտեղ գազի համար մեքենաների կիլոմետրանոց հերթ է գոյացել, ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր տարածել։ Հերթ է, որովհետև գազի գինը 240 դրամ է՝ մյուս կետերի համեմատ մոտ 20-40 դրամով էժան։ Մյուս լցակայաններում նույնիսկ 1-2 մեքենա չկա՝ արձանագրել էր օգտատերը։ Տեսանյութի տակ թողնված մեկնաբանություններն էլ լրացնում էին գազի շուկայում ստեղծված պատկերը՝ մյուս լցակայաններում մեքենաներ չկան, որովհետև գազ էլ չկա։

Մայրաքաղաքի տարբեր գազալցակայաններում շրջեցինք, որոշ կետերում գազ չկա արդեն մի քանի օր, որոշներում դեռ ունեին՝ ասացին՝ մինիմալ պահանջարկը առայժմ կարողանում են բավարարել, ինչ կլինի առաջիկա օրերին, դժվարացան պատասխանել։ Սպառողներից մեկն էլ ասաց, որ որոշ տեղերում նույնիսկ սահմանափակումներ կան, մեծ մեքենաների դեպքում 7000 դրամից ավելի լիցքավորում չի արվում։

Գազի մեկ լիտրը այսօր 260-290 դրամով է վաճառվում, մինչդեռ 1-2 ամիս առաջ ընդամենը 180 դրամ էր։ Հեղուկ գազի թանկացում նաև նախորդ տարիներին է գրանցվել, բացառությամբ 2020-ի, երբ համավարակով պայմանավորված գինը իջել էր՝ հասնելով լիտրը 110 դրամի։

«Էս խնդիրը մոտավորապես մի ամսից ավելի ա, ամենասկզբից գները բարձրացավ, ոչ մեկ չէր կանխատեսում, որ գազի դեֆիցիտ կա», - ասաց վարորդներից մեկը:

Հայաստանում հեղուկ գազ ներկրող շուրջ 50 ընկերություն կա։ «Պրոպան գազ» ընկերությունը դեռ մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ գազի դեֆիցիտ կա նաև Ռուսաստանում, որտեղից իրենք ներկրում են, նաև գներն են բարձրացել։ Իրավիճակը նույնն է նաև հիմա, այսօր մեզ տեղեկացրեցին ընկերությունից։ Եթե նախկինում կարողանում էին ամսական 50-60 մեքենա գազ ներկրել Ռուսաստանից, ապա այսօր հազիվ 10-15 մեքենա են ներկրում։

Հայաստան հեղուկ գազ ներկրող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Լեոն»-ի հաշվապահ Հայկ Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համաշխարհային պահանջարկն է մեծացել, բարձրացել են նաև գները և երկրները նախ փորձում են իրենց ներքին պահանջարկը բավարարել։ Իրենք ամեն ինչ անում են, նոր պայմանագրեր են կնքել, նույնիսկ կանխավճարներ տվել, ներկրումներն ապահովելու համար, բայց խնդրի էր առաջացել նաև ադրբեջանցիների կողմից փակված միջպետական ճանապարհների պատճառով։

«Մեքենաները երկու օր կանգնել էին ճանապարհի փակման պատճառով, բայց հիմա արդեն շարժվել են: Շարժվել են արդեն նաև Իրաքից, նրանք էլ ինֆորմացիա ունեին, որ մեր մոտ ճանապարհները փակ են, այդքան էլ չէին ուղարկում: Գինը մեզանից չի կախված, անգամ խոսացինք՝ ավելի բարձրանալուց են խոսում, բայց դեռ վերջնական չի, ընդամենը խոսակցություն է, որը իրենից ոչինչ չի ներկայացնում, ավելի հստակ կիմանանք մոտ օրերս», - ասաց Ավագյանը:

Թե որքան դեռ կպահպանվեն բարձր գները կամ առաջիկայում հեղուկ գազի շուկայում ինչ փոփոխություններ կլինեն, ներկրող ընկերությունները կանխատեսումներ անել չեն ուզում, շուկան շատ արագ է փոփոխվում, ասում են։ Հեղուկ վառելիքի շուկային այսօր նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է անդրադարձել՝ իրավիճակը անհանգստացնող գնահատելով։

«Որոշակի նվազեցում գների կա, այսինքն որոշ գազալցակայաններում արդեն գինը բավականին իջել է՝ 280 դրամից իջել է մինչև 240 դրամ, բնականաբար, մեր աշխատանքները ուղղված են նաև նրան, որպեսզի մենք հայկական ընկերություններին ծանոթացնենք այնպիսի օտարերկրյա մատակարարող ընկերությունների հետ, ովքեր կկարողանան Հայաստանին առաջարկել ավելի մատչելի գներով վառելիք», - նշեց նախարարը:

Արվող քայլերը ուշացած է համարում տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ասում է՝ դեռ երկու ամիս առաջ պետք է Կառավարությունը քայլեր ձեռնարկեր, երբ հեղուկ վառելիքի շուկայում դեֆիցիտ նկատվեց։ Այսօր Հայաստան գազ ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, Իրանից ու Իրաքից։

«Կառավարությունը կարող էր և պարտավոր էր բանակցություններ սկսել այլընտրանքային ներկրման հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, այս երկու ամիսը լրիվ բավարար էր, որ նույնիսկ Քաթարից և Ալժիրից կարողանան հեղուկ գազ ներկրել: Մենք այս աշխատանքը չարեցինք և այս ամենի համար վճարում է սպառողը», - ասաց Պարսյանը:

Հայաստանում ստեղծված իրավիճակին անդրադառնալիս, տնտեսագետը բացի համաշխարհային պահանջարկի մեծացումից նաև մեկ այլ խնդիր մատնացույց արեց. «Չնայած, որ Հայաստան մոտ 50 տնտեսվարող նախկինում ներկրում էր, հիմա մի քանի տնտեսվարող սուբյեկտ, այնուամենայնիվ, կարողանում է ներկրել, այսինքն այնպես չէ, որ բոլորը չեն կարողանում ներկրել: Ներկրում է մի քանի տնտեսվարող սուբյեկտ, և այդ տնտեսվարող սուբյեկտները օգտվելով շուկայում առկա դեֆիցիտից թելադրում են գինը: Այստեղ ակնհայտ է, որ նրանք օգտվում են իրենց դիրքից, մեծ պահանջարկից և գին թելադրող են»:

Շաբաթներ առաջ, երբ կրկին հեղուկ գազի դեֆիցիտ կար, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իրենք գների վերահսկողություն իրականացնում են միայն այդ դեպքում, երբ ապրանքային շուկայում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ կամ առկա է հակամրցակցային համաձայնություն: Հեղուկ գազի շուկան մրցակցային է, որտեղ չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, հետևաբար վերահսկողություն պետական մարմինը չի իրականացնում։

XS
SM
MD
LG