Օրեր առաջ սրվեց ավելի քան 2 տարվա պատմություն ունեցող խնդիրը․ Ալիխանյան 6/1 հասցեում, Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքում գտնվող բանավանում, որ երևանցիներին «ֆիզգորոդոկ» անունով է հայտնի, բնակելի շենք կառուցելու թույլտվություն կա, որին բնակիչները դեմ են։
Նրանք մի շարք մտահոգություններ ունեն՝ նախ, ասում են, 3-4 հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը կխաթարվի, կտուժի կենսամիջավայրը, կհատվեն տասնամյակների կյանք ունեցող ծառեր։ Բնակիչները նաև վստահ են, որ մոտ 2000 քմ մակերեսով տարածքը ապօրինի է սեփականաշնորվել, որից հետո տարածքը վերավաճառվել է տարբեր մարդկանց։
Վերջին ու ներկայիս սեփականատերը «Ռադկո» ընկերությունն է, որն այդ տարածքում բնակելի 12 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է ստացել այս տարվա հուլիսի 29-ին։
«Ամեն տեղ ներկայացրել ենք բոլոր իրավական հիմքերն առ այն, որ սեփականաշնորհման ամբողջ գործընթացը կեղծ հիմքերով է։ Այստեղ նկարված է ինչ-որ նկուղ տարածքում, որի հիման վրա տարածքը սեփականաշնորհվել է, իսկ նկուղ այստեղ երբևէ չի եղել», - ասաց Ալիխանյան 6/1 հասցեի բնակիչ Սեդա Գրիգորյանը։
Տարածքի համասեփականտեր «Ռադկո» ընկերության տնօրեն Արթուր Մնացականյանը վստահեցնում է՝ տարածքը գնելիս ուսումնասիրել են փաստաթղթերը և որևէ ապօրինություն չեն նկատել։ Ավելին, նրա խոսքով, բնակիչների բարձրաձայնած բոլոր հարցերը միայն կասկածներ են, որոնք կարող են հերքվել դատարանի միջոցով։
«2018 թվականին կողմը դիմեց ոստիկանություն՝ այդ նույն հիմքով, տեղազննություն է կատարվել և նկուղի չափսերով իրա առկայությունը հաստատվել է։ Ապատեղեկատվություն ենք համարում նաև այն լուրը, որ ամբողջ 5-րդ հարկը պետք է նվիրեն քաղաքապետարանին», - ասաց Արթուր Մնացականյանը։
Իրականում քաղաքապետարանը դեռ 2012-ին, երբ Երևանի քաղաքապետ էր Տարոն Մարգարյանը, պայմանագիր է կնքել սեփականատիրոջ հետ՝ կառուցվող շենքի 5-րդ հարկում 150 քմ մակերեսով բնակարան նվիրելու մասին, և երբ շենքը չի կառուցվել, Հարկադիր կատարման մարմինը կալանք է դրել դեռ չկառուցված շենքի 5-րդ հարկի վրա։
Նոր սեփականատերը գնել է տարածքն այդ բեռով։ Դատարն են դիմել, բայց այդ բեռից ազատվել չեն կարողացել՝ վաղեմության ժամկետի պատճառով, պարզաբանեց Արթուր Մնացականյանը։
Բնակիչների հաջորդ մտահոգությունը վիճելի տարածքի դուրսբերումն էր հուշարձանների ցանկից։ «ԿԳՄՍ նախարարության կողմից այս տարի անցկացվել է նորահայտ հուշարձանների ցանկում՝ ամբողջ թաղամասն ընդգրկվել է հուշարձանների ցանկում, և հանկարծ մի օր իմանում ենք, որ հուշարձանների ցանկից հանվել է միայն այն հատվածը, որտեղ կառուցապատումը նախատեսվում է», - ասաց Սեդա Գրիգորյանը։
«Ռադկո» ընկերության տնօրենն էլ հակադարձեց․ - «Գործընթացը երբ որ իրականացվել է, պետական հուշարձան է ճանաչել այդ թաղամասը, մեզ, որպես այդ թաղամասում սեփականություն ունեցող հիմնարկի, չեն ներգրավել։ Մենք՝ իմանալով, որ մեզ անտեսել են և մեր սեփականության հետ հաշվի չեն նստել, դիմեցինք պետական հիմնարկին և պահանջեցինք, որ այս հարցը պարզաբանվի»։
Բնակիչները նաև մեկ այլ խնդիր են բարձրաձայնում․ կառուցապատողը, ասում են, չի անցել շրջակա միջավայրի ազդեցության վրա փորձաքննություն՝ կառուցապատման իրական մակերեսը թաքցնելու միջոցով։ Կառուցապատողն էլ հակադարձում է՝ փորձաքննություն չի արվել, որովհետև փոսորակի չափերը չեն գերազանցում թույլատրելի 1500 քմ-ը։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ քննարկման ժամանակ նշեց, որ մինչ շինթույլտվության տրամադրումը ծրագիրն ու առկա փաստաթղթերը շատ երկար ուսումնասիրվել ու քննարկվել են։
«2.5 տարվա ընթացքում հանգամանորեն այս հարցը տարաբնույթ քննարկումների միջով է անցել, և հանդիպումներ բնակիչների հետ, ի հեճուկս պնդման, որ բնակիչների հետ հանդիպումներ տեղի չեն ունենում», - ասաց Կարապետյանը։
Ընդհանուր հայտարարի այս քննարկման ընթացքում կողմերը չեկան։ Կառուցապատողին բնակիչները խորհուրդ տվեցին առայժմ չսկսել շինարարությունը՝ սպասելով դատական որոշումներին՝ հետագայում ֆինանսական կորուստներ չունենալու համար։ Կառուցապատողն էլ նշեց, որ կշարունակի իր գործունեությունը, քանի դեռ չկա կասեցման որոշումով իրավական ակտ։
Հաշվի առնելով վերջին օրերին թաղամասում եղած լարվածությունը, սա նշանակում է, որ իրավիճակը չի հանդարտվի։ Միայն երկու օրվա ընթացքում բանավանում ոստիկանների ու բնակիչների ընդհարման հետևանքով, ըստ բնակիչների, եղել են 9 բերման ենթարկվածներ, սրտի կաթվածով հոսպիտալացված քաղաքացի, որովայնի հատվածում հարվածով հիվանդանոց տեղափոխված անչափահաս ու հարուցված քրեական գործեր։