Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական ռազմական համագործակցությունը խորանում է. Սաֆրաստյան 


Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը խորանում է, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ Սաֆրաստյանի՝ Մոսկվան և Անկարան ներկայում փորձում են համաձայնության հասնել ռազմական ինքնաթիռաշինության ուղղությամբ։

Ռուբեն Սաֆրաստյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ռուս-թուրքական հարաբերությունները խորանում են։ Օրինակ՝ օրերս Ստամբուլում ավարտվեց միջազգային սպառազինության տոնավաճառը՝ «IDEF 2021»-ը, և ռուսական կողմը խոսում է, օրինակ, արդեն օդուժի ոլորտում փոխադարձ համագործակցության մասին, թուրքերի հետ արդեն պատրաստ են մասնակցել թուրքական 5-րդ սերնդի կործանիչի մշակմանը, բանակցություններ են վարում Су-35 (Su-35) և Су-57 կործանիչների վաճառքի ուղղությամբ։ Պուտին-Էրդողան այս համագործակցությունը դեպի ո՞ւր է տանում, ի՞նչ կարելի է էլ սպասել։

Ռուբեն Սաֆրաստյան․ - Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ չեն պատկերացնում, թե որն է լինելու իրենց այս համագործակցության վերջնական նպատակը, և նրանք ուղղակի փորձում են այս կոնկրետ պահին որոշակի օգուտներ ստանալ այդ համագործակցությունից՝ ամեն մեկն իր ընկալումով։ Ես կարծում եմ, որ այս համագործակցությունն ունի ոչ թե ռազմավարական, այլ՝ մարտավարական նշանակություն, որովհետև եթե դա ռազմավարական լինի, ապա նշանակում է, որ Ռուսաստանը զիջում է իր դիրքերը՝ և՛ մեր տարածաշրջանում, և՛ Ուկրաինայում, և՛ այլն։ Այնպես որ այս պահի դրությամբ, այո՛, համագործակցությունը խորանում է և խորանում է ռազմական ոլորտում, և նախանշաններ կան, որ ռազմական ոլորտի նոր ուղղություններ են մշակվում։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան տարիներ շարունակ փորձում է ստեղծել իր 5-րդ սերնդի այդ ռազմական կործանիչը և չի կարողանում, չի կարողանում այն պատճառով, որ չի գտնում այնպիսի մի ընկերություն, այնպիսի մի երկիր, որ կտրամադրի շարժիչ, որովհետև Թուրքիան շարժիչներ չի կարող արտադրել՝ ինչպես ինքնաթիռների համար, այնպես էլ ԱԹՍ-ների համար, տանկերի համար։ Ես ենթադրում եմ, որ շարժիչներն են այն բնագավառը, որը որ ռուս-թուրքական համագործակցությունն այդ ինքնաթիռի շուրջը կշարունակվի, բայց ինչպես դա կավարտվի, դժվար է ասել, որովհետև ամերիկացիներն ուժեղ ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG