Մատչելիության հղումներ

Ըստ Մոսկվայի` Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հարցերում պատասխանատու դիրքորոշում ունի


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով

Պաշտոնական Մոսկվայի կարծիքով` Թուրքիայի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցերում պատասխանատու դիրքորոշում է։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, բայց միևնույն ժամանակ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այն օրինակն են, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ` ի դեմս Թուրքիայի, հնարավոր է և պետք է գործընկերական հարաբերություններ ունենալ», - երեկ «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, թե ՆԱՏՕ անդամ Թուրքիան, չնայած Հյուսիսատլանտյան դաշինքում տիրող անվիճելի կարգապահությանը և ուղղահայաց հարաբերություններին, որոնցում առաջնորդի դերում Միացյալ Նահանգներն է, կարողանում է պահպանել իր ինքնիշխանությունը և որդեգրել պատասխանատու դիրքորոշում տարածաշրջանային անվտանգության հարցերում։

Հիշեցնենք` վերջին տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի շահերը պարբերաբար բախվում են` թե՛ Սիրիայում, թե՛ Լիբիայում, թե՛ Ուկրաինայում, թե՛ այսօր Կենտրոնական Ասիայում։ Ռուսաստանցի փորձագետներն արդեն երկար ժամանակ է` ահազանգում են, որ առճակատումը ՆԱՏՕ-ի անդամ, օրեցօր ուժեղացող Թուրքիայի հետ անխուսափելի է, սակայն պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե չնայած բոլոր տարաձայնություններին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վստահելի գործընկեր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։

Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բախվում են նաև մեր տարածաշրջանում, սակայն չնայած նրան, որ ղարաբաղյան պատերազմից հետո Թուրքիան ոչ միայն ուժեղացրեց իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, այլ նաև դարձել է առնվազն Ռուսաստանին հավասար խաղացող Հարավային Կովկասում, Մոսկվան շարունակում է պնդել, որ Թուրքիան Ռուսաստանի վստահելի գործընկերն է։

Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չփոխվեց նույնիսկ այն բանից հետո, երբ Էրդողանը Շուշի կատարած այցի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ ստորագրեց Շուշիի հռչակագիրը, իսկ Թուրքիա վերադառնալուն պես հայտարարեց, թե չի բացառում, որ Ադրբեջանում տեղակայվեն թուրքական ռազմաբազաներ։

Պաշտոնական Մոսկվան նույնիսկ սրան, ըստ էության, չարձագանքեց, իսկ անցած շաբաթ Անթալիայում իր թուրք կոլեգայի հետ բանակցություններին հետևած մամուլի ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս մասին հարցին պատասխանելիս հայտարարեց, թե Էրդողանի այցը Շուշի Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում էր։ Եվ վերջ, այլ բան Շուշիի հռչակագրի մասին ո՛չ Լավրովը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ նույնիսկ Պեսկովը չեն ասել։

Իսկ Պեսկովը երեկ նաև Թուրքիայի հետ հարաբերությունները նշեց որպես ՆԱՏՕ անդամ երկրի հետ լավ հարաբերությունների օրինակ։

Չեն փչացրել ռուս -թուրքական հարաբերությունները նույնիսկ թուրք-ուկրաինական սերտ կապերն ու հավակնոտ համատեղ ռազմա-տեխնիկական նախագծերը։ Երեկ, մասնավորապես, երբ Պեսկովը հայտարարում էր ռուս-թուրքական օրինակելի հարաբերությունների մասին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսում էր այն մասին, որ արդեն 2023 թվականին պատրաստ կլինի ռազմական նավը, որ Ուկրաինայի համար կառուցում են թուրք բարեկամները, իսկ առաջիկայում էլ Ուկրաինայի ռազմածովային ավիացիան կստանա նաև թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր:

XS
SM
MD
LG