Սահմանային պաշտպանության գործերում Հայաստանի իշխանությունների քայլերը անգամներով զիջում են Ադրբեջանին, այսօր «Ազատության» հետ զրույցում իր մտահոգությունը հնչեցրեց Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Գեներալ-գնդապետի խոսքով` իրավիճակը սահմանին լարման միտում ունի, կարող են տեղային բախումներ լինել, բայց լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է՝ ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ներկայության շնորհիվ։
Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
Սեյրան Օհանյան. - Մենք եթե գնահատելու լինենք հակառակորդին, նկատի ունեմ Ադրբեջանին, ապա նրանց ղեկավարության և նրանց զինված ուժերի հռետորաբանությունը կայանում է նրանում, որ իրենք փորձում են երեք ուղղությամբ հաջողության հասնել` առաջինը պատերազմի հաղթանակից հետո ազդեցության ոլորտները ընդլայնել և հասնել նրան, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որի շրջանակներում իրենք հասկանում են, որ տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի փաստաթուղթ կստորագրվի, և որը լուրջ հարված կլինի Արցախին: Երկրորդը` միջանցք կամ ճանապարհներ կբացվեն Նախիջևանից դեպի Ադրբեջան, չնայած մերոնք էլ այդ հարցերի շուրջ, գիտեք, այսպես գայթակղվում են: Ես մի քանի անգամ ասել և այսօր էլ ասում եմ` այդ ապաշրջափակումը Հայաստանի և Արցախի համար խորը շրջափակում է լինելու բոլոր առումներով` անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական:
Նաև առանց որևիցե մի պայմանի երրորդը սահմանազատման և սահմանագծման գործընթացներն առաջ տանելն է: Եվ ի՞նչ են մերոնք անում, այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կատարած քայլերը զգալի անգամ թույլ են և քիչ են, քան ադրբեջանցիները: Առաջինը սահմանային պաշտպանության գործերում, երկրորդը անվտանգային համակարգի զինված ուժերի վերականգնման տեմպերի հետ կապված և երրորդը նաև լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականության մեջ, այսինքն` անվտանգության միջազգային երաշխիքները մեր երկկողմ և բազմակողմ հարաբերություններն են, որի ուղղությամբ աշխատանքները շատ թույլ են: Օրինակ` նույն Արտգործնախարարությունը երկար ժամանակ ղեկավարություն չունի, և դա նշանակում է, որ նաև մասնագիտական գնահատական և խիստ մասնագիտական բարձր մակարդակի գործունեություն չի ծավալվում:
«Ազատություն». - Պարո՛ն Օհանյան, տեսեք, ադրբեջանցիները հավանաբար հետևյալ հաշվարկն են իրականացրել, որ պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերը թույլ են, չեն կարող ինչ-որ մի ժամանակ դիմակայել ադրբեջանական կողմի ճնշումներին, և սահմանին շարունակաբար մենք տեսնում ենք` լարվածության աճի միջոցով իրենք փորձում են նաև Ձեր ասած նպատակներին հասնել: Ձեր կարծիքով, Դուք քննադատում եք Հայաստանի իշխանություններին, Հայաստանն այս վիճակում ի՞նչ կարող է անել, ի՞նչ պետք է անել, որպեսզի այդ լարվածությունը թուլանա, որպեսզի չեզոքացնի այդ ճնշումն իր սահմաններին:
Սեյրան Օհանյան. - Պետք է արձանագրենք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են մեր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության երաշխավորը, Հայաստանի զինված ուժերը և Արցախի բանակը բոլոր պատերազմներում` թե՛ առաջին, թե՛ ապրիլյանում, թե՛ նաև այս 44-օրյա պատերազմում գոնե մի քանի օղակներում մարտավարական, օպերատիվ մարտավարական օղակներում իրենց առջև դրված խնդիրը իրականացրել են: Ես կարծում եմ` Զինված ուժերն այն կառույցն է, որն արագ կարող է ինքնակազմակերպվել, վերականգնել իր մարտունակությունը և կատարել այդ խնդիրը:
«Ազատություն». - Մենք տեսանք նախորդ շաբաթ, որ Ղարաբաղում էլ հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվեց, ադրբեջանցիները հարվածային անօդաչուներ օգտագործեցին, Դուք սպասո՞ւմ եք, որ իրավիճակն աստիճանաբար կլարվի։
Սեյրան Օհանյան. - Իրավիճակը լարման միտում ունի, այնուամենայնիվ, ես կարծում եմ` այսօր լայնամասշտաբ պատերազմ կարող է չլինի, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի առկայությունը և մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ թույլ չի տա դա, բայց, այնուամենայնիվ, տեղային բախումներ կարող են լինել, որովհետև աշխարհաքաղաքական իրադարձությունները՝ ուժային կենտրոնների շահերի բախումները և տարածաշրջանային, ոչ միայն մեր, այլ նաև Հեռավոր Արևելքին մոտ տարածաշրջանում նոր դերակատարների՝ Պակիստան, «Թալիբներ» համատեղ զորավարժությունները, լուրջ անվտանգային նաև հակահետախուզական խնդիրներ մեր պետության առջև պետք է դնեն, և այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք։
«Չկան այդ խաղաղ պայմանները՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու Ադրբեջանի հետ»
«Ազատություն»․ - Պարո՛ն Օհանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պատրաստ է բարձրագույն մակարդակով բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Խորհրդարանի «Հայաստան» խմբակցությունում ի՞նչ են մտածում, Դուք ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ։
Սեյրան Օհանյան․ - Ես կարծում եմ, որ մինչև բարձր մակարդակի բանակցություններ սկսելը, պետք է մեր անվտանգային համակարգը վերականգնել և ներքին համախմբվածության աստիճանը բարձրացնել, որովհետև չկան այդ խաղաղ պայմանները՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու Ադրբեջանի հետ։
Առաջին հերթին Ադրբեջանին պետք է պարտադրել, և այդ ուղղությամբ նաև մեր գործընկերների ուժերը՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, պետք է ուղղել, որպեսզի իրենք իրենց ուժերը հանեն Հայաստանի Հանրապետության սահմաններից, երկրորդը՝ պետք է միջազգային հարթակում ներկայացնել, որ եթե մենք ասում ենք, որ «ապիկար կառավարումն է բերել պարտության», այնուամենայնիվ միջազգային հարթակում պետք է ներկայացնել, որ հանցագործը այս պատերազմում Ադրբեջանի ղեկավարությունն է՝ իրենք են սադրանք կազմակերպել Արցախի խաղաղ բնակչության՝ խոշտանգումներ, զինված հակամարտությունների կանոններ խախտել, պատմամշակութային արժեքներ ոչնչացնել և այսօր էլ ոչնչացնում են, այդ ուղղությամբ մեր գործունեությունը շատ ցածր մակարդակի վրա է։
Հարցազրույցն ամբողջությամբ` ստորև.