Մատչելիության հղումներ

Անկարան պատրաստ է համագործակցել թալիբների հետ ցանկացած ձևաչափով


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիան պատրաստ է համագործակցել թալիբների հետ ցանկացած ձևաչափով` հանուն Աֆղանստանի խաղաղության, այդ երկրի բնակիչների բարօրության ու Թուրքիայի շահի, երեկ հայտարարել է երկրի նախագահը: Խոսելով հետագա համագործակցության մասին` Ռեջեփ Էրդողանը նաև պնդել է` Անկարան պատրա՛ստ է ընդունել թալիբներին, ինչպես նաև օգնել նրանց` երկրում անվտանգություն հաստատելու հարցում:

«Անկախ այն հանգամանքից` ով է իշխանության ղեկին, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում: Մենք մինչ այս հայտարարել ենք, որ պատրաստ ենք հյուրընկալել թալիբների առաջնորդներին: Այդ առաջարկը մնում է ուժի մեջ նաև այսօր», - չորեքշաբթի երեկոյան հայտարարեց Էրդողանը թուրքական մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

Թուրքիան այս պահին շուրջ 500 զինծառայող ունի Աֆղանստանում, որոնք, ադրբեջանական ստորաբաժանման հետ համատեղ, վեց տարի է` պաշտպանում են Քաբուլի միջազգային օդանավակայանը: Ընդ որում, ամիսներ առաջ, երբ թալիբները դեռ չէին սկսել սրընթաց առաջխաղացումը երկրով մեկ, Թուրքիայի նախագահը փորձում էր այս առաքելությունը շահավետ գործարքի վերածել Միացյալ Նահանգների և ՆԱՏO-ի հետ հարաբերություններում: Հունիսին, մասնավորապես, առաջին անգամ հանդիպելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Էրդողանը խոստացել էր, որ թուրքական զորքի մի մասը կմնա Աֆղանստանում և կշարունակի պահպանել Քաբուլի օդանավակայանը, առանց որի, փաստացի, Արևմուտքը չէր կարողանա այդ երկրից դուրս բերել իր զինվորներին ու դիվանագետներին: Վճռորոշ այս դերակատարության դիմաց Էրդողանը Վաշինգտոնից պահանջել էր դիվանագիտական, լոգիստիկ ու ֆինանսական օժանդակություն: Ու մինչ լրագրողները փորձում էին պարզել՝ կոնկրետ ինչ օժանդակության մասին է խոսքը, թալիբներն իրենց վերահսկողության տակ առան Աֆղանստանը, այդ թվում` մայրաքաղաք Քաբուլը, ստիպելով Էրդողանին հաշվի նստել ոչ թե արտաքին խաղացողների, այլ` նախ և առաջ իրենց հետ:

«Հիմա, երբ «Թալիբան»-ն է վերահսկում ողջ երկիրը, մեր առջև պատկերն ամբողջովին փոխվել է: Մենք այժմ մեր ծրագրերը գծում ենք` հիմնվելով Աֆղանստանում ի հայտ եկած նոր իրողությունների վրա, և հենց դրանցից ելնելով էլ հիմա շարունակում ենք մեր բանակցությունները», - երեկ հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Ի դեպ, մոտ տասն օր առաջ, երբ արդեն ակնհայտ էր «Թալիբան»-ի հաղթանակը կառավարական զորքերի հանդեպ, Էրդողանը Թուրքիա էր հրավիրել զինյալ շարժման առաջնորդներին` բանակցելու Աֆղանստանում խաղաղություն հաստատելու շուրջ: Թալիբները, մինչդեռ, հրավերը չէին ընդունել, ավելին՝ հորդորել էին Անկարային հետևել Արևմուտքի օրինակին ու դուրս բերել զորքը Աֆղանստանի տարածքից:

Թալիբների դիմակայությունը հաղթահարելու և լարվածությունը մեղմելու համար Անկարան փորձում է գործի դնել կապերը դաշնակիցների հետ: Հենց այդ նպատակով էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցած շաբաթ մեկնել Պակիստան, որը համարվում է թալիբների գլխավոր դաշնակիցն ու հովանավորը: Պաշտոնական հաղորդագրությունները փաստել էին, որ գեներալ Աքարը Իսլամաբադում աֆղանական խաղաղության հարցն է քննարկել՝ առանց հավելյալ մանրամասների: Նախագահ Էրդողանը, մինչդեռ, երեկ ևս մեկ խաղաթուղթ դրեց բանակցային սեղանին. - «Թուրքիայի ռազմական ներկայությունը Աֆղանստանում կամրապնդի այդ երկրի նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում, դա միայն օգտակար կլինի` թեթևացնելով նրանց աշխատանքը», - վստահեցնում էր Ռեջեփ Էրդողանը:

Խոսելով միջազգային աջակցության մասին՝ Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծեց, որ պատրաստվում է մինչև այս շաբաթավերջ հեռախոսազրույցներ ունենալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

XS
SM
MD
LG