Մատչելիության հղումներ

Ամերիկան միանշանակ ցանկանում է ավարտել Աֆղանստանի պատերազմը


Թալիբ զինյալը մեքենայի վրա է տեղադրում շարժման դրոշը, Քաբուլ, 17 օգոստոսի, 2021թ.
Թալիբ զինյալը մեքենայի վրա է տեղադրում շարժման դրոշը, Քաբուլ, 17 օգոստոսի, 2021թ.

Քաբուլի արագ անկումն Արևմուտքի համար անակնկալ է

«Ամերիկան ուրացել է Աֆղանստանում նորմալ երկիր կերտելու խոստումը»

Քաբուլի արագ և գրեթե առանց մարտական բախումների գրավումն անակնկալ էր ոչ միայն մայրաքաղաք ներխուժած ու նախագահի նստավայրը զավթած թալիբների, այլև արևմտյան ու նախևառաջ ամերիկյան քաղաքական-ռազմական ղեկավարների համար:

Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում և այլ երկրներում շատ են քննադատում զորքը կարճ ժամանակամիջոցում դուրս հանելու նախագահ Ջո Բայդենի որոշումը:

Բոլորը համաձայն են, որ պետք էր հեռանալ, ամերիկացիների մեծամասնությունն առնվազն անտարբեր է Աֆղանստանի նկատմամբ և այդ հեռավոր երկրում բանակ պահելու ու ջահել զինվորների կյանքը վտանգելու անհրաժեշտություն չի տեսնում: Բայց հանրությունը համոզված է, որ դուրսբերումը պետք է իրականացնել ավելի կազմակերպված և անպայման տարհանել 20 տարի ամերիկյան պետության ու բանակի հետ համագործակցող աֆղանստանցիներին, քանի որ թալիբները նրանց կգտնեն և կհոշոտեն:

Տեսագրությունը, որը պատկերում է ինքնաթիռից բռնվող, օդում մեծ բարձությունից ընկնող և մահացող մարդկանց, ճնշող տպավորություն է թողնում, երեկ քաոս և խուճապ էր Քաբուլի օդակայանում:

«Իզուր եմ Աֆղանստանում կորցրել ոտքերս և իմ ջոկի տղերքին»

Մեծ թվով նախկին դիվանագետներ, Աֆղանստանում կռված զինվորներ ասում են, թե ամաչում են այդ կադրերից, ասում են, թե Ամերիկան ուրացել է ոչ միայն նորմալ պետություն կառուցելու խոստումն, այլև դավաճանել է հազարավոր մարդկանց, ովքեր հավատացել են այդ խոստումներին: Դավաճանել է զոհողությունների գնացած զինվորներին: Այդ են ասում ոչ միայն ամերիկացիները:

«Փաստորեն, ես իզուր եմ Աֆղանստանում կորցրել երկու ոտքերս և իմ ջոկի տղերքին»,- BBC կազմակերպած հանրային քննարկման էջում դառնացած գրել է մի բրիտանացի հաշմանդամ-նախկին զինվոր։

«Քանի՞ նոր տապանաքար պետք է տեղադրեինք Արլինգթոնի գերեզմանոցում»

Բայց նախագահ Բայդենը համոզված է, որ կայացրել է միակ ճիշտ որոշումը: Երեկ նա իր ուղերձում ասել է, որ չի զղջում դրա համար:

«Ես պետք է հարցնեմ նրանց, ովքեր պնդում են, թե բանակը պետք է մնար այնտեղ՝ դուք ինձանից կուզենայիք Ամերիկայի դուստրերի և որդիների քանի՞ նոր սերունդ ուղարկել Աֆղանստան կռվելու, եթե աֆղանստանցիներն իրենք չեն կռվում:

Էլ քանի՞ նոր տապանաքար պետք է տեղադրենք Արլինգթոնի ազգային զինվորական գերեզմանոցում: Ես իմ պատասխանը գիտեմ՝ ես չեմ կրկնի մեր նախորդ սխալները, անորոշ երկար ժամանակով չեմ ուղարկի մեր զինվորին կռվելու և զոհվելու մի պատերազմում, որը կապ չունի Միացյալ Նահանգների ազգային շահի հետ, չեմ վտանգի մեր երկիրը հանուն օտար երկրի քաղաքացիական պատերազմի, չեմ փորձի վերափոխել այդ երկիրը Միացյալ Նահանգների անվերջանալի ռազմական ներգրավվածության գնով», - ասել է Բայդենը:

«Միայն Եվրոպան չպետք է իր վրա վերցնի այս ամենի հետևանքները»

Միջազգային համայնքին և Վաշինգտոնի դաշնակիցներին մտահոգում է անվտանգության հարցը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի փոխանցմամբ, Ֆրանսիան, Գերմանիան և եվրոպական մի շարք այլ երկրներ պարտավոր են Աֆղանստանի այս զարգացումներին տալ «ուժեղ, միասնական և համակարգված պատասխան»:

Մակրոնի խոսքով, Ֆրանսիան կշարունակի սատարել առավել վտանգվածներին և իր բաժին մասնակցությամբ կկիսի արդար միջազգային ջանքերի բեռը:

«Աֆղանստանի ապակայունացումը ստեղծում է դեպի Եվրոպա չկարգավորվող միգրացիայի վտանգ, մենք աշխատանքի մեր մասը կկատարենք, սակայն Աֆղանստանն էլ պարտավոր է մոբիլիզացնել իր ուժերը, Եվրոպան չի կարող լինել միակն, ով իր վրա պետք է վերցնի այս ամենի հետևանքները», - ասել է Մակրոնը:

Թալիբները համընդհանուր ամնիստիա են հայտարարել

Մինչդեռ, անսպասելի հաղթանակից զարմացած թալիբները փորձում են աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ և վեհանձն ուժ:

Նրանք համընդհանուր ամնիստիա են հայտարարել, հավաստիացնելով, որ ի տարբերություն 1990-ականների, նոր սերնդի թալիբները նրբանկատ կլինեն և ոչ մեկին չեն պատժի:

«Հուսով ենք, որ Ամերիկան ուրիշի գործերին այլևս չի միջամտի»

Արևմուտքը և Արևելքը որոշակի հեգնանքով են մեկնաբանում վիճակը: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հու Չունյինն այսօր ասել է, թե օդակայանի դաժան տեսագրությունը շոկ է առաջացրել:

«Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները լրջորեն կվերանայի ռազմական ներխուժումների գործելակերպը և դեմոկրատիա ու մարդու իրավունքներ պաշտպանելու պատրվակով այլևս չի միջամտի օտար երկրների ներքին գործերին, քանի որ դա միայն խաթարում է խաղաղությունը և կայունությունը», - հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը:

Այս պահի դրությամբ Քաբուլի փողոցներում և օդակայանում համեմատաբար հանգիստ է: Արևմտյան ինքնաթիռները շարունակում են մարդկանց դուրս բերելու օպերացիան:

XS
SM
MD
LG