Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Գորիսի փոխքաղաքապետերին կալանավորելու միջնորդությունը


Գորիսի երկու փոխքաղաքապետերը հնարավոր է կալանավորվեն, նման միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտեն։

Խոշոր չափերով յուրացումներ կատարելու համար մեղադրվող Գորիսի փոխքաղաքապետերը երեկ հենց քաղաքապետարանից էին ձերբակալվել, նրանցից բացի ձերբակալվել էին նաև Գորիսի համայնքապետարանի ևս երկու աշխատակիցներ։ Նրանցից Սուսսաննա Սարգսյանին դատարանն այսօր ազատ արձակեց՝ մերժելով կալանքի միջնորդությունը, մյուս աշխատակցի և Գորիսի երկու փոխքաղաքապետների՝ Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի մասով որոշում դեռ չկա, քննությունը շարունակվում է։

Ձերբակալված 4 անձանց շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանի պնդմամբ՝ գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու ժամանակ իրենք չեն ունեցել. «Քննչական կոմիտեից ես և մյուս պաշտպան Էդգար Արամյանը դուրս ենք եկել 21:10, ուղիղ 22:00-ին մեզ պարոն Մարտիրոսյանը հրավիրել է դատական նիստի, մեզ տրամադրվել է 780 էջ փաստաթուղթ»:

Կոպիտ կերպով խախտվում է պաշտպանական իրավունքը՝ պնդում են պաշտպաները։ Ոչ միայն նյութերին չեն հասցրել ծանոթանալ, այլև գիշերը իրենց պաշտպանյալներին տեսակցելու, գործի նյութերը քննարկելու հնարավորություն չեն ունեցել, նշում է Արմեն Մելքոնյանը։

Կալանքի քննության համար նիստը արդեն 3 անգամ հետաձգվել է։ Առաջինը նշանակվել էր երեկ, ժամը 22-ին, հաջորդը գիշերը ժամը 2-ին և 3-ին՝ այն էլ առանց պաշտպաններին ծանուցելու, իսկ այսօր առավոտյան նշանակված նիստերը հետաձգվեցին, քանի որ պաշտպանները դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել։ Բոլորի դեպքում էլ դատարանը միջնորդությունը մերժեց՝ շարունակելով կալանքի հարցի քննությունը։

Խոսելով գործի նյութերի մասին, Արմեն Մելքոնյանը նշեց, որ որքանով հասցրել է ծանոթանալ նյութերին՝ կասկածը հիմնավորող որևէ ապացույց գոյություն չունի:

«Հարցաքննում է մի կնոջ, որը ստացել է, ենթադրենք, 50 հազար դրամ օգնություն, որովհետև անապահով ընտանիքում է, հարցաքննության ժամանակ ասում է՝ ձեր պարանոցին ոսկյա շղթա եմ նկատում, դուք սոցիալապես անապահով չեք: Նախ՝ ինքը փորձագետ չի, կարող է ոսկյա չի, կարող է դեղին մետաղից է, բայց քննիչն իրեն այդ ֆունկցիան վերապահում է և արդեն գնահատականը դնում է՝ դուք սոցիալապես անապահով չեք, բայց 50 հազար դրամ, ենթադրենք, քաղաքապետարանից օգնություն եք ստացել», - ասաց պաշտպանը:

Գորիսի փոխքաղաքապետերը և երկու աշխատակիցները մեղադրվում են համայնքային բյուջեից յուրացում և վատնում կատարելու մեջ։ Խոսքը համայնքային բյուջեի այն 3 տոկոսի մասին է, որը, ըստ կանոնակարգի, պետք է ուղղվի սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրների լուծմանը։ Ընդհանուր առմամբ գումարի չափը կազմում է մոտ 3,5 միլիոն դրամ։

Ձերբակալված պաշտոնյաների փաստաբանի փոխանցմամբ՝ գործի նյութերում նշվում է, որ մեկ անձ օգնություն է ստացել դեղեր գնելու համար, բայց ունեցել է ավտոմեքենա, մյուս դեպքում՝ միակողմանի ծնողազուրկ երեխայի ուսման վարձն է վճարվել, բայց ընտանիքը աղքատության համապատասխան սանդղակ չի ունեցել։ Ընդհանուր առմամբ Քննչական մարմինը հարյուրից ավելի քաղաքացիների հետ է խոսել, 62-ի դեպքում գտել են, որ օգնությունը տրամադրվել է ոչ կարիքավոր ընտանիքներին։

«Ազատության» այն հարցին՝ այդ 62 ընտանիքների մեջ կա՞ն արդյոք ձերբակալվածների մտերիմներն ու բարեկամները, փաստաբանը նշեց, որ նման տեղեկությունների գործում չի հանդիպել. «Բոլորին անխտիր տրվել է հարց, որ արդյոք պարոն Առուշանյանը կամ Իրինան բավարարե՞լ է ձեր խնդրանքները, որպեսզի դուք որևէ մեկի օգտին քվեարկեք, հարցաքննված բոլոր անձինք միանշանակ հերքում են այդ ամենը: Ավելին ասեմ՝ այնտեղ կա դրվագ, որ հարցաքննված անձը պատմում է, որ ես մարզպետարանից երեք անգամ եմ ստացել օգնություն, Գորիսի քաղաքապետարանից մեկ անգամ, բայց այդ նույն հարց տվող քննիչը մի հատ հարց չի տալիս ասի, նախ, օրենքով 2 անգամից ավելի մի տարվա ընթացքում մեկը չի կարա ստանա, մարզպետարանից, որ երեք անգամ ստացել ես այս նույն հարցադրմամբ, ո՞ւմ օգտին ես քվեարկել, որ ստացել ես»:

Ձերբակալվածները իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, ցուցմունքներ էլ չեն տվել։ Գորիսի փոխքաղաքապետերից Մենուա Հովսեփյանին նաև մեկ այլ մեղադրանք է առաջադրվել՝ ընտրական խախտումների հոդվածով, համաձայն որի նա Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական հավաքին 80 անձ է ապահովել։ Այս մասով մեղադրանքը կառուցվել է Գորիսի ձերբակալված քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված, Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի նախկինում տված ցուցմունքի հիման վրա, ով ևս մեղադրվում է ընտրական հանցագործություններ կատարելու մեջ։

Ձերբակալվածներին երեկ այցելել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ով որոշ մանրամասներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։ Արման Թաթոյանը նշել է, որ Գորիսի փոխքաղաքապետների և երկու աշխատակիցների նկատմամբ խախտվել են ՄԻԵԴ-ի և այլ կառույցների պահանջները։ Մասնավորապես, բերման ենթարկելու համար նախ փակվել են համայնքապետարանի բոլոր մուտքերը, կանանց բերման են ենթարկել արժանապատվությունը նվաստացնող եղանակով, լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ, իսկ աշխատակիցներից մեկի՝ չնկարելու պահանջին ի պատասխան, ասել են, որ առաջինը հենց իրեն են նկարելու։ Ոստիկանության 20 աշխատակիցները եղել են դիմակավորված և ինքնաձիգներով զինված ինչպես ձերբակալելու, այնպես էլ Երևան տեղափոխելու ողջ ընթացքում։

Արմեն Մելքոնյանը այս գործը «Գորիսի գլխատման օպերացիա» է անվանում՝ իշխանությանը հարմար քաղաքապետ նշանակելու նպատակով։ Փաստացի այս պահին Գորիսը մնացել է առանց ղեկավարի, մեկ ամիս առաջ կալանավորվել է նաև Գորիսի 30-ամյա ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ ընտրական հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Այս պահին քրեական հետապնդման են ենթարկվում Սյունիքի խոշոր համայնքների մեծ մասի ղեկավարները, այդ թվում՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքով պատգամավորական մանդատ ստացած Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետերը։ Բոլորն էլ իրենց դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են որակում։

XS
SM
MD
LG