Լիտվան պաշտոնապես բողոքի նոտա է փոխանցել Բելառուսին այն բանից հետո, երբ Բելառուսի սահմանապահ ստորաբաժանման մի խումբ զինծառայողներ խախտել են Լիտվայի սահմանը:
«Մենք բելառուսական կողմին փոխանցել ենք մեր լուրջ անհանգստությունը սահմանին տեղի ունեցած հերթական սադրանքի կապակցությամբ, քանի որ այնտեղ իրավիճակն առանց այն էլ լարված է»,- հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
Նրա խոսքով, Վիլնյուսը Մինսկին կոչ է անում զերծ մնալ բոլոր տեսակի սադրիչ քայլերից: Նախարարը հայտնել է, որ այդ միջադեպի մասին տեղեկացվել են Լիտվայի գործընկերները, Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն:
Ըստ Լիտվայի արտաքին գերատեսչությանն առընթեր պետական սահմանների պահպանման ծառայության, երեկ 12 բելառուս սահմանապահներ, ուղեկցելով մոտ 30 ապօրինի միգրանտների, հատել են Լիտվայի սահմանը Շալչինինկայի շրջանում: Լիտվացի սահմանապահները կանխել են միգրանտների ապօրինի մուտքը:
Լիտվացիները բելառուս սահմանապահներից պահանջել են վերադառնալ Բելառուսի տարածք, երկրորդ նախազգուշացումից հետո բելառուսները կատարել են այդ պահանջը:
Արտգործնախարար Լանդսբերգիսի փոխանցմամբ, Լիտվան ունի այդ միջադեպի տեսագրությունը: