Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Փակեք սահմանի ամեն մետրը»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժայինների հետ խորհրդաժողովում, Մինսկ, 5-ը օգոստոսի, 2021թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժայինների հետ խորհրդաժողովում, Մինսկ, 5-ը օգոստոսի, 2021թ.

Բելառուսի և Լիտվայի սահմանին ծանր վիճակում հայտնաբերվել և որոշ ժամանակ անց մահացել է մի երիտասարդ՝ ծագումով իրաքցի միգրանտ:

Ըստ Մինսկի, բելառուս սահմանապահները փորձել են առաջին օգնություն ցույց տալ, բայց նրա կյանքը չեն փրկել: Մինսկը պնդում է, թե նա Լիտվայի տարածքից է հասել Բելառուս:

Առաջինը լուրը հայտնել է ոչ թե պաշտոնական Մինսկն, այլ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի հետ կապեր ունեցող «Pool One» Տելեգրամ-ալիքը, որը հաճախ է տեղեկատվական «լցոնումներ» կատարում: Մասնավորապես «Pool One»-ն էր առաջինը հաղորդել, թե Բելառուսի օդային տարածքում է հայտնվել Ryanair ընկերության օդանավը, որում ռումբ են տեղադրել, և հիմա Բելառուսը պետք է Եվրոպան փրկի այդ թռչող պատուհասից: Միջադեպն ավարտվեց ընդդիմադիր լրագրողի ձերբակալությամբ:

Ըստ իրավապաշտպանների, միգրանտի ողբերգությունը Բատկայի հետ կապված հերթական մութ պատմություն է, որում կան կասկածելի անհամապատասխանություններ:

«Բելտա» պաշտոնական գործակալությունը լուրը տվել է մի քանի ժամ անց, ընդ որում հղում է արել նույն «Pool One»-ին, և ոչ մի այլ աղբյուր չի նշել:

Ավելի ուշ նախագահ Լուկաշենկոյի աշխատակազմի հիմնադրած «Советская Белоруссия - Беларусь Сегодня» պաշտոնաթերթը հրապարակել է հոդված «Սահմանին լիտվացիների գազանության առաջին զոհը» վերնագրով: Միակ վկան նախկին զինծառայող է:

Եվ ամենազարմանալի հանգամանքը՝ երեկ կեսօրին Լիտվայի դեսպանատան մոտ հայտնվել են մարդիկ «Լիտվան 21-րդ դարի համակենտրոնացման ճամբար», «Լիտվացի դահիճները սպանում են դեմոկրատիան» գրությամբ պաստառներով:

Զավեշտալին այն է, որ նրանք վանկարկել են «Չենք մոռանա, չենք ների» կարգախոսը, կեսից հիշել, որ դա Բելառուսի ընդդիմության կարգախոսն էր, ինչն արձանագրվել է տեսահոլովակում:

Հակաարևմտյան ցույցը տեղի է ունեցել Բելառուսի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից և բելառուսական հեռուստակայանների ռեպորտաժներից մի քանի ժամ առաջ այն դեպքում, երբ Բելառուսում ցույց կազմակերպելու համար պետք է երկու շաբաթ առաջ դիմում ներկայացնել:

Ահա պաշտոնական Մինսկի արձագանքը՝ զայրացած Լուկաշենկոն այսօր Բելառուսի ուժայինների հետ խորհրդաժողովում ասել է, թե իրեն ցնցել է միգրանտի սպանությունը և պահանջել է խստացնել սահմանի հսկողությունը:

«Հարավից և արևմուտքից ոչ ոք չպետք է հատի մեր սահմանը, փակեք սահմանի ամեն մետրը, ժողովուրդը պետք է իրենց ապահով զգա, իմանա, որ կան տղամարդիկ, ովքեր նրան կպաշտպանեն: Աստված չտա հարևանները սկսեն դեպորտացիայի ենթարկել իրենց հրավերով այնտեղ հայտնվածներին, թող իմանան, որ հետևանքներ կլինեն, թող չասեն, թե չենք զգուշացրել: Մարդկանց սպանում, կիսամեռ վիճակում բերում գցում եք մեր տարածք, նացիստներ են, ինչ ասես»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լիտվան կտրականապես հերքում է միգրանտին սպանելու մեղադրանքը և լուրն անվանում է սադրանք ու պաշտոնական Բելառուսի տարածած ապատեղեկատվություն:

Եվրամիությունը հայտարարել է, որ Բելառուսը միտումնավոր սրում է իրավիճակը, միգրանտների հոսքն ուղղում է դեպի Լիտվայի հետ սահման:

«Այս տարի արդեն ձերբակալվել է ավելի քան 4 հազար ապօրինի միգրանտ, մինչդեռ ամբողջ 2020-ի ընթացքում՝ ընդամենը 81»,- ասել է Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն:

Ըստ Եվրամիության, Լուկաշենկոն միգրանտների ճգնաժամը ստեղծում է ի պատասխան Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցների: Նա այդպես նաև փորձում է բելառուսների ուշադրությունը շեղել երկրում ընթացող բազմաթիվ դատավարություններից:

Այսօր Մինսկում շարունակվել է նախագահության նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի, ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի և փաստաբան Մաքսիմ Զնակի դռնփակ դատավարությունը:

Կոլեսնիկովայի և Զնակի հայրերին խոստացել են ներս թողնել դահլիճ, որ նրանք գոնե հեռվից տեսնեն զավակներին:

Տարեց մարդիկ ամբողջ գիշեր չեն քնել, սպասել են, առավոտյան եկել հասել են դատարանի դռան մոտ, դատական կարգադրիչները նրանց ներս չեն թողել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG