Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում այս տարի շուրջ 65 կմ ճանապարհ կհիմնանորոգվի


Շիրակի մարզում այս տարի հանրապետական ու մարզային նշանակության շուրջ 65 կմ ճանապարհ կհիմնանորոգվի: Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է՝ այս տարի նախորդի համեմատ շուրջ 20 կմ ճանապարհ ավելի է հիմնանորոգվում:

«Շիրակի մարզում 2021 թվականին ճանապարհաշինական իրականացվող ծրագրերին կկատարվի շուրջ 4 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանք, կհիմնանորոգվեն շուրջ 65 կմ երկարությամբ մարզային, տեղական, հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներ: Ֆինանսավորման մեծ աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է», - ասաց Խնձրցյանը:

«Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցապատման ձգձգումների պատճառով դեպի Բավրայի մաքսակետ բեռնատարները սկսեցին ուղևորվել Արմավիր-Գյումրի ճանապարհով։ 2000-ականներին հայ-թուրքական սահմանին կից գտնվող այս ճանապարհը հիմնանորոգվել էր «Լինսի» հիմնադրամի և Համաշխարհային բանկի միջոցներով, այդուհանդերձ հիմա ճանապարհը շարքից դուրս է եկել: Այստեղով է տեղաշարժվում նաև Գյումրու ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկան:

Ո՞րն է մոտ 15 տարի առաջ հիմնանորոգված ճանապարհի քայքայման պատճառը, անորակ աշխատանքը, թե՞ կան այլ պատճառներ, հետաքրքրվեցինք մարզպետարանի պաշտոնյայից:

«Այդ ճանապարհահատվածում ծանր և բարձր ինտենսիվություն ունեցող տրանսպորտային միջոցների հոսքը բերեց ճանապարհի որոշակի քայքայման: Ինքը հիմնականում ոչ թե բարձր քայքայման կամ նստվածքների խնդիր է առաջացրել, այլ վերին ասֆալտաշետի քայքայում», - պատասխանեց Խնձրցյանը:

Անցած տարի Արմավիր-Գյումրի ճանապարհի որոշ հատված հիմնանորոգվեց՝ Ջրափիից մինչև Հայկաձոր: Մնացած հատվածում գոյացել են մեծ փոսեր, որոնք վարորդները մեծ դժվարությամբ են կարողանում շրջանցել: Անիի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչներն են հիմնականում գրեթե ամեն օր երթևեկում այս ճանապարհով, դժգոհում են, թե մեքենաները փոսերն ընկնելուց շարքից դուր են գալիս:

Բավականին ինտենսիվ երթևեկություն է այդ հատվածում: Բեռնատարների վարորդներին ավելի դժվար է այսպես ասած փոսառատ հատվածով երթևեկել:

Ճանապարհի այս հատվածի վատ լինելու վերաբերյալ նախորդ ամիս դեռ տարածքային կառավարման նախարար, իսկ հիմա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցիք, թե ճանապարհի քայքայված հատվածին ե՞րբ հերթը կհասնի, քանի որ բավականին խորը փոսեր են գոյացել:

«Այնտեղ ունենք մեծ ծավալի հատվածի փաստաթղթեր նախագծա-նախահաշվային, եթե չեմ սխալվում, շուրջ 3,4 միլիարդանոց նախագիծ էր: Այս տարի կհայտարարվի դրա փոխանցիկ մրցույթը, այսինքն՝ շինարարը կունենանք այս տարի, բայց բուն աշխատանքները կկատարվեն հաջորդ տարի», - պատասխանեց Պապիկյանը:

Այս հատվածի հերթը կհասնի հաջորդ տարի: Մեկ տարի էլ վարորդները շարունակելու են աճպարարությամբ փոսերը շրջանցել, հիմնանորոգման ենթակա հատվածի վրա գումար ծախսելը կառավարության ներկայացուցիչը նպատակահարմար չի գտնում:

«Մեր ունեցած մեխանիզմը հետևյալն է, երբ մենք սկսում ենք ճանապարհի նախագծման աշխատանքները և դա նախատեսում է հիմնանորոգում, այդ հատվածի սպասարկումն այլևս նպատակահարմար չէ, հակառակ պարագայում ինչ-որ մեկը մի օր գրելու է, որ տեղի է ունեցել չարաշահում, որովհետև էսպես-էսպես», - ասաց Սուրեն Պապիկյանը:

Այս տարի այդ նույն ճանապարհահատվածի 2,5 կմ հատվածում, որն ընդգրկում է Ղարիբջանյան համայնքը, հիմնանորոգվում է: Մնացած հատվածը՝ հաջորդ տարի: «Այդ հատվածը 22 թվականին ընտրված է ճանապարհաշինական ծրագիր, ամբողջությամբ այդ հատվածը կհիմնանորոգվի, այսինքն՝ շուրջ 21 կմ», - ասաց Խնձրցյանը:

Այս տարվա ճանապահաշինական ծրագրի ավարտից հետո Շիրակի մարզի հանրապետական ու մարզային նշանակության ճանապահների քանի տոկոսը հիմնանորոգված կլինի, հետաքրքրվեցին պաշտոնյայից:

«Այս պահի դրությամբ մեր մարզն ունի շուրջ 495-500 կմ երկարությամբ մարզային տեղական նշանակության ճանապարհներ, որի շուրջ 270 կմ-ն վատ վիճակում է», - ընդգծեց նա:

Սեպտեմբերին էլ նախատեսվում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Գյումրի-Թալին հատվածի երթևեկությունը տեղափոխել հիմնանորոգված հատված՝ զուգահեռ սկսելով 2-րդ հատվածի շինարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG