Մատչելիության հղումներ

Պատգամավորներն այսօր ևս անդրադարձան խորհրդարանում երեկ տեղի ունեցածին


Ազգային ժողովի նախագահն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, երբ խորհրդարանում պատգամավորների վիճաբանության ժամանակ անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրելով նաև հրահանգեց անջատել ուղիղ հեռարձակումը, պնդում են հայաստանյան լրագրողական 11 կազմակերպությունները։

«ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա», - ասված է կազմակերությունների տարածած հայտարարության մեջ։

Նիստի հեռարձակումն ընդհատելու հարցն այսօր խորհրդարանում ևս քննարկվեց։ Նախկին լրագրող, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ պատգամավորները հաշվետու են հանրության առաջ և պետք է աշխատեն թափանցիկ կերպով. - «Լրագրողը պարտավոր է արձանագրել այն, ինչ տեսնում է, և եթե դահլիճում դուք իրար վիրավորում եք, հայհոյում եք, փողոցայինի նման եք ձեզ պահում, դա պիտի դառնա հանրությանը հասանելի»։

Անվտանգության ծառայողները լրագրողներին ասել են, որ իրենց կթույլատրեն նիստերի դահլիճի օթյակում աշխատել, բայց միջադեպերի դեպքում պետք է լքեն օթյակը և իրավունք չունեն միջադեպեր, նաև բռնության դեպքեր լուսաբանել, այդ թվում` նկարահանել: Այս մասին իրենք լրագրողներն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, ինչը Արման Թաթոյանը անթույլատրելի է համարել՝ դրան անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում։

«Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում», - գրել է նա:

Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամուլը այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, բայց երբևէ որևէ ԱԱԾ աշխատակից լրագրողներին դուրս չի վռնդել, նիստի հեռարձակումն էլ չեն ընդհատել, Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը. - «Ողջունում եմ օթյակում գտնվող իմ գործընկերներին։ Ես իրենց տեղը լինեի, այսօր ամբողջությամբ ուղղակի կբոյկոտեի Ազգային ժողովի աշխատանքը։ Եղել են բազմաթիվ դեպքեր, բայց մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ»։

Նրան հակադարձեց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ որևէ կերպ չանդրադառնալով իր կողմից ուղիղ հեռարձակման դադարեցմանը. - «Երբևիցե Հայաստանի Հանրապետությունում էդքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել, որքան կա հիմա։ Դիմում եմ բոլոր լրագրողներին, որոնք իրենց լրագրող են համարում. հարգելիներս, մի համարեք, որ դուք իրավունք ունեք հասարակական հարթակներում, սոցիալական ցանցերում վիրավորանքներ հնչեցնել պետական պաշտոնյաների, Ազգային ժողովի պատգամավորների, հասարակական գործիչների նկատմամբ և հետո զարմանաք, որ իրենք ձեզ, օրինակ, հարցազրույց չեն տալիս, կամ փորձում են համակարգել աշխատանքը, որպեսզի դուք միջանցքներով չվազեք»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ ԱԺ նիստերի լուսաբանման արգելքը հակասում է Սահմանադրությանը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքին և «ԱԺ կանոնակարգ» օրենքի մի շարք դրույթներին։

Լավ կլիներ, որ լրագրողական կազմակերպությունների տարածած հաղորդագրությունը ընդունվեր որպես հաղորդում հանցագործության մասին, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. - «Ութերորդ գումարման Ազգային ժողովը արդեն սկսել է և պարբերաբար, ես հավատացած եմ, էլի նոր օրենսդրական փոփոխություններ ենք ունենալու, որի արդյունքում իրենք իրենց համար ստեղծելու են մաքսիմալ կոմֆորտ իրավիճակ, որտեղ իրենք անխոչընդոտ, անսահմանափակ սահմանափակումներ են իրականացնելու և' խոսքի ազատության, և' լրագրողների աշխատանքի, համոզված եմ, ինչ-որ էտապում նաև իրավապաշտպան գործունեության։ Այսինքն՝ ցանկացած միտք, որ արտահայտվելու է, ինքը դառնալու է այլևս դատապարտելի և քրեորոն պատժելի գործող իշխանությունների տրամաբանության մեջ։ Ու սա շատ վտանգավոր տենդենց է»։

Լրագրողներին օթյակից հեռացնելը, նկարահանումների արգելքը Քրեական օրենսգրքում բնութագրվում է որպես լրագորղի աշխատանքին խոչընդոտել, ինչը քրեորեն պատժելի արարք է, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ հույս չունի, թե պատժվողներ կլինեն. - «Հանգիստ կարող են դիմել իրավապաշտպաններին, և դիմել դատախազություն, և դիմել մնացած բոլոր ատյաններին, ես վստահ եմ, որ ներսում այդ հարցը չի լուծվելու։ Բայց դրա համար կան միջազգային կառույցներ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ես կարծում եմ, որ ճիշտ կազմված և գրագետ կազմված փաստաթղթի պարագայում մենք հնարավորություն կունենանք նաև պատասխանատվության ենթարկելու»։

Լրագրողներին խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից հեռացնելը այլ կերպ է մեկնաբանում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը. «Բայց դուք գիտեք, որ կա կանոն, որ անվտանգության աշխատակիցներին չի կարելի իրենց դեմքերը լուսանկարել, որովհետև կան որոշակի խնդիրներ։ Եվ եթե մեր բոլոր լրագրողները լինեին էթիկայի կանոներ և օրենքներ պահող, ինչպիսին մենք ակնկալում ենք մեր մեծամասնությունից, մենք կարող էինք հանգիստ չանջատել ձայնագրությունը, բայց վստահ լինել, որ դեմքերը կփակվեն»։

Լրագրողական կազմաերպությունները ԱԺ ղեկավարությունից պահանջում են բացատրություններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրավական հիմքերի վերաբերյալ, բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը, միջոցներ ձեռնարկել, որ անվտանգության աշխատակիցները որևէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, նաև չեղարկել լրագրողների տեղաշարժը սահմանափակող օրենքը։

XS
SM
MD
LG