Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին


Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունն այսօր խորհրդարանում ընթացավ լարված իրավիճակում։ Ամեն ինչ սկսվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից, ով խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ նրան դիմեց անունով, ինչպես նաև որակումներ տվեց։

«Ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանը ու Արցախն ավերած կապիտուլյանտ Նիկոլն է», - ասաց Մկրտչյանը:

Այս անգամ էլ ԱԺ նախագահը նրա խոսափողը անջատեց ու անգամ ավելի հեռուն գնաց՝ զրկեց այսօրվա նիստին մասնակցելու հնարավորությունից. «Հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները ձեզ դուրս կբերեն»:

Ավելի ուշ իր ելույթում տեղի ունեցածին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ես հասկանում եմ, պարոն Սիմոնյան, որ հավանաբար ձեր շեֆի կողմից ունեք շատ հստակ ցուցում, որպեսզի Ազգային ժողովում որոշ արտահայտություններ չհնչեցվեն, ասենք, «հողատու» կամ «կապիտուլյանտ» բառերը, և հավանաբար դա եղել է ձեր Ազգային ժողովի նախագահ ընտրվելու պայմաններից մեկը: Ասեմ, որ դա քաղաքական գնահատական է, դա անձնական վիրավորանք չէ», - հայտարարեց Սաղաթելյանը:

Սաղաթելյանի ելույթին հաջորդեցին տեղից արձագանքներ։ Եղան նոր նախազգուշացումներ, նոր վիրավորանքներ։ Ի վերջո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեց և առանց կանոնակարգ օրենքի հղման ու որևէ բացատրության հրահանգեց դադարեցնել ԱԺ հեռարձակումը։

Անվտանգության աշխատակիցները այդ ընթացքում մուտք են գործել նաև ԱԺ օթյակում լրագրողների աշխատանքի համար հատկացված հատված ու հրահանգել դադարեցնել նկարահանումները։ Լրագրողների նկատմամբ այս նոր սահմանափակման մասին տեղեկանում ենք «Հետք» լրատվական կայքի հրապարակած տեսանյութից:

Ի դեպ՝ Ազգային ժողովը այդ պահին քննարկում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում իշխանական էդուարդ Աղաջանյանի ընտրության հարցը, որը շարունակվեց ընդմիջումից հետո։ Խոսքի իրավունքը իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանինն էր։ Սպասեց մինչև դահլիճ կգար Սաղաթելյանը, նրա ելույթին էր պատասխանելու, այս անգամ էլ ամեն ինչ հարթ չանցավ:

«Ձեր ելույթը ձեր շեֆի հետ համաձայնեցվա՞ծ էր, թե՞ ոչ՝ Ռոբերտ Քոչարյանի», - ասաց նա:

Ապա Կոնջորյանը դիմեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու համեմատականներ անցկացրեց իր ու Օհանյանի միջև. «Դուք չեք հանդիսանում փաստացի ձեր խմբակցության ղեկավարը»:

Ապա Կոնջորյանը հորդորեց կարմիր գծեր չանցնել, խոստացավ՝ հակառակ դեպքում իրենք էլ նույնը կանեն. «Օրինակ՝ «մարդասպան», «կոբրա», «պրիվետ, Ռոբ» և նման արտահայտություններ»:

Ինչպես ելույթ ունեցող իշխանական բոլոր պատգամավորները, խմբակցության ղեկավարն էլ հստակ ընդգծեց, ընդդիմադիրների ոչ մի հայտարարություն անպատասխան չեն թողնելու. «Հանկարծ չփորձեք մտածել, որ որևէ միտք այս ամբիոնում կամ այս դահլիճում հնչած մնալու է անպատասխան»:

Ավելի ուշ՝ երբ խորհրդարանը արդեն քննարկում էր Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու ընդդիմադիր Արմեն Գևորգյանի ընտրության հարցը, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ու առաջարկեց ընդդիմությանը զրոյացնել այսօր տեղի ունեցածը:

«Վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ, սա համարեք իմ ձեռքը, որ ես մեկնում եմ ձեզ», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի կառուցողական առաջարկին արձագանքեց նրա նախկին թիմակից, ներկայիս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը. «Ավելի տրամաբանական կլիներ, եթե մինչ այդ Դուք հայտարարեիք, որ չեղարկելու եք կամ չեղարկում եք հայտարարած կարգապահական տույժը»:

Խորհրդարանը այսօր քննարկեց նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Գևորգ Պապոյանին առաջադրելու հարցը: Ինչպես նաև աշխատանքային օրվա ավարտին գումարեց լրացուցիչ նիստ և քննարկեց Տարածքային կառավարման հանձնաժողովում իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի առաջադրման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG