Մատչելիության հղումներ

Բելառուսում սահմանադրական փոփոխություններ են պատրաստվում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեծ ասուլիս է տալիս Մինսկում, 9-ը օգոստոսի, 2021թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեծ ասուլիս է տալիս Մինսկում, 9-ը օգոստոսի, 2021թ.

Բելառուսի սահմանադրական հանձնաժողովը խոստանում է նախագահին ներկայացնել երկրի հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը մինչև սեպտեմբերի 1-ը:

Նոր Սահմանադրությունում կսահմանափակվեն պետության ղեկավարի լիազորությունները, կուժեղացվի Համաբելառուսական ժողովրդական ժողովի դերը, կհայտնվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:

Անցած տարի նախագահական ընտրություններից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, թե հերթական անգամ հաղթել է երկիրը 1994 թվականից ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, հարյուր հազարավոր բելառուսցիներ դուրս էին եկել փողոց: Իշխանությունները նրանց դեմ կիրառեցին աննախադեպ բիրտ ուժ: Չնայած դրան, սակայն, բելառուսցիները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Արևմուտքը հրաժարվել է ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Բելառուսցի ընդդիմադիրները կա՛մ հայտնվել են բանտերում, կա՛մ ստիպված են եղել լքել երկիրը:

Լուկաշենկոյին հաջողվեց պահպանել իշխանությունը միայն Կրեմլի շնորհիվ: Ռուսաստանցի վերլուծաբանները համոզված էին, որ Կրեմլի աջակցությունից հետո նա կհայտարարի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո իրագործման մասին: Այդուհանդերձ, ռուս-բելառուսական ինտեգրման հարցում մեկ տարի անց լուրջ առաջխաղացում չկա, իսկ Լուկաշենկոն մինչ օրս նույնիսկ Ղրիմը չի ճանաչել Ռուսաստանի կազմում: Թեև օրերս շուրջ 4 ժամ տևած մամուլի ասուլիսին Լուկաշենկոն հրապարակավ խոստացավ ճանաչել Ղրիմը:

Պաշտոնական Մոսկվան և Մինսկը հայտարարում են, թե Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են ընդլայնել համագործակցությունը տնտեսական և ինտեգրացիոն օրակարգով, այս մասին նախօրեին ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել էր երկու երկրների միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Իրականում, սակայն, աշխատում է հին, արդեն ավանդական դարձած սխեման՝ Մոսկվան Մինսկին հերթական վարկն է տալիս, Մինսկն էլ խոստանում է ավելի խորը ինտեգրվել: Եթե նախկինում Մինսկը սպառնում էր, որ եթե չստանա Մոսկվայից ակնկալվող աջակցությունը, կխորացնի հարաբերությունները Արևմուտքի հետ, այսօր նման սպառնալիքներ Լուկաշենկոն չի կարող հնչեցնել, քանի որ Արևմուտքն անցած տարվա տապալված հեղափոխությունից հետո նրան լեգիտիմ նախագահ չի համարում և հրաժարվում է որևէ շփումից:

Մինսկն, այնուամենայնիվ, չի շտապում Մոսկվային նվիրել իր ինքնիշխանությունը և խորացնում է տնտեսական կապերը Չինաստանի հետ: Վերլուծաբան Պիատկովսկին, մասնավորապես, ասում է. «Լուկաշենկոն ուղղակի ծաղրում է Պուտինին, նման հանդգնություն նա վերջին տարին թույլ չէր տալիս իրեն: Քառորդ դար այս խաղը շարունակվում է, Մոսկվան ցանկանում է anschluss, իսկ Լուկաշենկոն դրան հուսահատ դիմադրում է ոչ թե այն պատճառով, որ նա մեծ բելառուսական հայրենասեր է, այլ այն պատճառով, որ նա պայքարում է իր իշխանության համար:

«Միջին մասշտաբի եվրոպական պետության բռնապետի դերը նրան ավելի հաճելի է, քան Մինսկի մարզկոմի քարտուղարի դերը», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է վերլուծաբանը՝ հավելելով, թե Բելառուսի նախագահը վերջնականապես համոզվել է ուժային կառույցների լոյալության մեջ, այսինքն՝ համոզվել է, որ իր իշխանությունը դեռ ամուր է:

Բելառուսն այսօր տնտեսական կախվածության մեջ է Ռուսաստանից, Պիատկովսկին, սակայն, կարծում է, որ Լուկաշենկոն լուրջ երաշխիքներ է ստացել չինացիներից:

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրությանը և պաշտոնը թողնելու Ալեքսանդր Լուկաշենկոյի խոստմանը, վերլուծաբաններն այսօր կարծում են, որ նրա ուղեղում մի քանի սցենար կա, այդ թվում՝ դե յուրե պաշտոնը թողնելու սցենարը, թեև փորձագետների մեծ մասը համոզված է, որ Լուկաշենկոն իրեն առանց նախագահական աթոռի չի պատկերացնում:

Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ տարի առաջ հայտարարել էր, թե կթողնի պաշտոնը, երբ երկրում փոխվի Սահմանադրությունը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է կայանա 2022 թվականի փետրվարից ոչ ուշ, այսինքն՝ ամենաուշը կես տարի հետո:

Փոփոխված Սահմանադրությունը նաև սահմանափակելու է նախագահության ժամկետները՝ մեկ անձը կարող է նախագահել միայն երկու ժամկետ, այսինքն՝ 10 տարի: 66-ամյա Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է արդեն 28 տարի, և արդյոք նոր Սահմանադրության ընդունմամբ կզրոյացվեն նրա նախագահության ժամկետները, հայտնի չէ:

Հարցին՝ կկատարի արդյոք Բելառուսի ղեկավարն իր խոստումը և կհեռանա արդյոք նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո, ոչ Լուկաշենկոն, ոչ էլ փորձագետները հստակ պատասխան չեն տալիս:

XS
SM
MD
LG