Այսօր ժամը 11:40-ից 12-ը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան», - ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, պնդում է, թե հայկական Զինված ուժերն են երեկ երեկոյան և գիշերը Արարատի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերից գնդակոծել ադրբեջանական դիրքերը Նախիջևանում ու Քելբաջարում, զոհեր և վիրավորներ չկան: